• Fri. Apr 23rd, 2021

Այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում, ռազմավարական բնույթի հարցերի քննարկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակություն են հայտնել քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Վլադիմիր Պուտինը կարևորել է երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման գործընթացը, որը, ըստ նրա, կնպաստի Հայաստանի զարգացմանը:

ՌԴ նախագահը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն:

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Տեսնում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու կողմից ակտիվ աշխատում է: Դուք ակտիվ աջակցում եք այդ հանձնաժողովի գործունեությանը, և ՌԴ փոխվարչապետը պարբերաբար լինում է Երևանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Մոսկվա հրավիրելու համար և ընդգծել, որ այդպիսի կապերը շատ կարևոր են օրակարգային հարցեր քննարկելու համար:

«Մենք արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի հարցերի քննարկում: Իհարկե, ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ հայ գերիների խնդրին․

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս կոնտեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այս պահը լուծված չէ: Խոսքը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի մասին է: Ինչպես մենք ոչ մեկ անգամ քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝  բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է վերադառնան հայրենիք: Ցավոք, մենք դեռևս պահվող անձինք ունենք Ադրբեջանում: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը լուծելու հարցում մենք տարընթերցումներ չունենք»,- նշել է Փաշինյանը: