• Fri. Apr 23rd, 2021

ԵԽ պատգամավորներին ապշեցրել է Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպը

Եվրախորհրդարանի պատգամավորներն ապշած են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրամադրել, որպեսզի նա նստի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի կողքին՝ ինչպես նախատեսված է արարողակարգով: Արդյունքում, Ֆոն դեր Լայենը ստիպված է եղել նստել բազմոցին:

Եվրախորհրդարանի սոցիալիստների ղեկավար Գարիսիա Պերեսը կարծիք է հայտնել, որ միջադեպի պատճառը Թուրքիայում կանանց իրավունքների ոտնահարումն է: «Սկզբում  երկիրը դուրս եկավ Ստամբուլյան կոնվենցիայից, իսկ հիմա պաշտոնական այցի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարին առանց աթոռ են թողնում: Սա ամոթալի է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պերեսը:

Բելգիացի պատգամավոր Թոմ Վանդեքենդելարեն թվիթերյան իր էջում գրել է, որ Շարլ Միշելը կարող էր իր աթոռը տալ կամ խնդրել ընդունող կողմին ապահովել այն:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ֆոն դեր Լայենին զարմացրել է ստեղծված իրավիճակը: Նա հանձնարարել է իր թիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագայում նման տհաճություններից խուսափելու համար: