• Fri. Apr 23rd, 2021

Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին

«Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների համար»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հարցին՝ արդյոք դատարանի երեկվա որոշումից հետո Մարտի 1-ի գործը փակվա՞ծ է, նախարարը պատասխանեց. «Մարտի 1-ի գործով նախաքննության փուլում, եթե չեմ սխալվում, կա գործ, որը դեռ շարունակվում է, բայց այս հարցով պետք է դիմել պատասխանատուներին: Ես ոչ թե չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, այլ չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը»:

Բադասյանի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման և թե՛ դատաիրավական բարեփոխումների, թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրենք դանդաղկոտություն են ցուցաբերել. «Մենք ունենք հաջողություններ ինստիտուցիոնալ մակարդակում, որոնք չեն երևում հանրությանը: Կոնկրետ ամեն մի գործընթացի մասով կա պատասխանատու քաղաքական իշխանության կողմից, բայց կարծում եմ՝ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել, և պետք է ընդունենք, որ մենք ունենք որոշ ձախողումներ»:

Մարտի 1-ի գործին անդրադառնալով՝ լրագրողները հիշեցրեցին՝ երկրի ղեկավարության մակարդակով հայտարարվեց, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, նախարարը նշեց, որ կան նոր հանգամանքներ.

«Բացահայտված են դերակատարները, ովքեր որոշումներ են ընդունել, և այդ որոշումների արդյունքում ինչեր են կատարվել մայրաքաղաքում, բայց կա ՍԴ որոշում, դատարանի կոնկրետ որոշում: Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական բարեփոխումների: Քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել: Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, եթե վերլուծվի, որ ես եմ պատասխանատու հենց այդ հարցով»:

Նախարարը նշեց՝ աբսուրդի է հասնում այն, որ ամեն գործից հետո խոսվում է արդարադատության նախարարության մասին.

«Արդարադատության նախարարությունը արդարադատություն իրականացնելու ֆունկցիա չունի: Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած վեճի ստեղծման համար պատասխանատու է նախարարությունը: Գրավոր և ռազմավարության մակարդակում վեթինգը նախաձեռնվել է մեր կողմից, մենք ենք սկսել գործողություններ անել, բայց դա հանրությանը չի հետարքրքրում: Հանրությանը հետաքրքրում է այն, որ նրանք շարունակում են բախվել անարդարության, և այս խնդիրը հնարավորինս արագ պետք է լուծվի»: