• Fri. Apr 23rd, 2021

Իշխանությունները մի քանի պաշտոնյաների գլուխներ արդեն թռցրած պետք է լինեին

«Հայաստանում իրավական քաղաքականությունը ձախողված է»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատարանի երեկվա որոշմանը:

«Ես հույս ունեի, որ իշխանությունները մի քանի պաշտոնյաների գլուխներ արդեն թռցրած պետք է լինեին: Արդարադատության նախարարը պետք է արդեն իր պաշտոնին չլիներ, որովհետև նա ուղղակի պատասխանատու է եղել այն բարեփոխումների համար, որոնք պետք է դատական համակարգը առողջացնեին: Այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է անկարող իշխանության մասին: Դատական համակարգը դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան: Կա հանցանք, չկա հոդված: Բայց կա 85 հատոր քրեական գործ, ահռելի վկայություններ»,- ասաց Բաբաջանյանը:

Հարցին՝ բացի արդարադատության նախարարից՝ էլ ովքե՞ր պետք է հրաժարական տան, անկախ պատգամավորը նշեց, որ իշխանությունները այդ հետևությունը պետք է անեն. «Երկրի վարչապետը հայտարարել է, որ բացահայտված է Մարտի 1-ի գործը՝ նկատի ունենալով ՀՔԾ-ում քննված գործը, բայց, ըստ էության, գործը դատարանում ջախջախվել է, փլվել»:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: