• Fri. Apr 23rd, 2021

Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարը նշանակվեց Տավուշի մարզպետ

Byhttp://Mitk.am

Apr 7, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։

Նշանակման հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

Հայկ Ղալումյանը նշանակեց Տավուշի մարզպետ: Համապատասխան որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում:

Ղալումյանը ներկա էր նիստին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետից եւ Կառավարության անդամներից վստահության համար. «Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման եւ մեր ժողովրդի բարեկեցության համար»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օրերս պաշտոնից ազատվեց եւ նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար:

Հայկ Ղալումյանի կենսագրությունը:

Ծնվել է 10 ապրիլի 1974թ. Իջևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:

1995-2001թթ. աշխատել է «Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում՝ որպես տնտեսագետ:

2002-2005թթ. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ տնտեսագետ:

2005-2007թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:

2007-2008թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ:

2008-2010թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:

2010-2019թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:

2019թ. սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: