• Thu. Apr 22nd, 2021

Լարման օջախ թուրք-չինական հարաբերություններում

Byhttp://Mitk.am

Apr 7, 2021

Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է  Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը: 

Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները-խմբ.) մի օր անպայման անկախանալու է»:

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 31 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը  «կոտորած» էր որակել:

Թուրք քաղաքական գործիչների գրառումներին ի պատասխան՝ Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում հետևյալ գրառումն է արվել.

«Չինական կողմը կտրականապես դեմ է և խստորեն դատապարտում է ցանկացած անձի կամ ուժի ցանկացած մարտահրավեր՝ ուղղված Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Գրառմանը կից նշվել էր նաև Աքշեների և Յավաշի թվիթթերյան հաշիվները:

Ավելի ուշ Աքշեների կուսակցությունը հակադարձել է Չինաստանի դեսպանության հայտարարությանը՝ նշելով. «Դադարեք դատարկաբանել։ Նախևառաջ  կանգնեցրեք ույղուրների դեմ ձեր կողմից իրականացվող ցեղասպանությունը»: