• Fri. Apr 23rd, 2021

Ծառուկյանի պսևդոբարեգործական ակցիան ընդամենը աչքակապություն է

Հարցազրույց Կոտայքի մարզի «Պարտեզ» ռեստորանի մոտ սպանված Ջիվան Հարությունյանի նույնանուն պապիկի հետ։

Որ փուլում, ի՞նչ ընթացք ունի Ջիվան Հարությունյանի սպանության գործը։

2019թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանի զինված խումբը կազմակերպված ձևով հարձակվել է «Պարտեզ» ռեստորանում գտնվող Մանուկյանների ընտանիքի անդամների վրա, որի ընթացքում սպանել են իմ թոռանը՝ Ջիվան Հարությունյանին։ Անզեն, անմեղ մի երիտասարդ, ով հենց այդ պահին էր հայտվել այդտեղ՝ ընդամենը իմանալով, որ իր եղբայրները վիճաբանության մեջ են ընկել ինչ-որ մարդկանց հետ և գնացել էր տեսնելու՝ ինչ է եղել։

Թե ինչ փուլում է նրա սպանության գործը, ես կասեի, որ ոչինչ արված չէ այն բացահայտելու ուղղությամբ։ Ես անցած տարի երկրի վարչապետին ուղղված իմ դիմումում նշել էի, որ նախաքննական մարմինը, ըստ իս, միտումնավոր կերպով շեղել է քննության ուղղությունը՝ թոռանս սպանության մեջ կասկածելով իր եղբայրներին՝ նպատակ ունենալով շեղել իրականությունից և քողարկել սպանությունը իրականում կատարողներին։

Քանի օր է դափնվում է, թե պատրաստվում է Նվեր Ծառուկյանի դարի հարսանիքը։ Ի՞նչ է սա՝ ինքնամաքրման փորձ, թե՝ «թեման ջրելու» համար խորհուրդ է տվել նախահարձակ լինել։

Իսկ կարող եք ասել ո՞րն է նպատակը այդ արարողությունը նման կերպ հանրայնացնելու։ Ո՞րն է մոտիվը։ Գիտեք, ժողովրդական խոսք կա. «Կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է»։ Այն, որ ինքնմաքրման հարց է լուծվում, դա չի քննարկվում։ Մեր հասարակությունը մեծ չէ, հատկապես Աբովյանում բոլորին հայտնի է։

Մյուս կողմից, ի՞նչը կարող է ստիպել մարդուն, այն էլ քաղաքական գործչին, սգացող այս երկրում նման հնչեղություն տալ այդ արարողությանը, հատկապես, որ միայն Կոտայքի մարզում ամեն քայլափոխին ունենք մեծ թվով զոհված, անհետ կորած և վիրավոր երիտասարդների ընտանիքներ և առողջ տրամաբանությունը թերևս կխուսափեր նման շռնդալից արարողությունից և առավել ևս որևէ կերպ այն լուսաբանելուց։  Սակայն, սա հարցի բարոյական կողմն է և կարող է շատերի կողմից արդարացվել որպես անձնական կյանքի իրավունք, կարող է ասվել, որ կյանքը շարունակվում է, և պետք է առաջ նայել և այլն։

Մեծ հաշվով դեմ չեմ։ Սակայն մենք չենք կարող նման բացատրություններով աչքակապությամբ զբաղվել։ Անգամ եթե մի կողմ թողնենք խնդրի քաղաքական դրդապատճառները, մենք կրկին և կրկին բախվում ենք խնդրի իրավական կողմին։ Ստացվում է, որ այսօր մեր երկրում արդարադատական ամենաթողությանը լրացնելու է գալիս տեղեկատվական աճպարարությունը, և  ի՞նչ է, կարելի՞ է հույս ունենալ, որ մի քանի տեխնոլոգիաների կիրառմամբ իրապես կջրվի՞ քրեական հանցագործությունը։ Մաքրագրման փորձ չէ, բա ի՞նչ է։ 

44-օրյա պատերազմում զոհվածների համար 100 մլն դրամի փոխանցումբարեգործությունը կարո՞ղ է հայրենասիրության կերպար հաղորդել Ծառուկյան ընտանիքին, հանցագործ դուրսպրծուկի սրբագրմանը։

Արդեն նշեցի, որ այդ մարդկանց կողմից գործի է դրվել տեխնոլոգիաների մեծ գործիքակազմ, և լրատվական դաշտում այս պսևդոբարեգործական ակցիան ընդամենը աչքակապություն է։ Մեր բազում հայրենակիցներ շատ ավելի հսկայածավալ բարեգործոթյուններ անում են լուռ։ Էլ չեմ խոսի, թե ավելորդ ցուցամոլությաններից և պերճանքներից խուսափելու պարագայում, որքան անդամալույծ երիտասարդներին է կարելի նոր կյանքի հույս տալ։  Հետևաբար այս ամենը ակներև ապացուցում է, թե որն է նաև այդ չակերտավոր բարեգործության հանրայնացման իրական դրդապատճառը։ 

Հարսանիքի օրը սպասվում է որևէ ակցիա կամ հրապարակումների շարք, որ հանցագործին կհիշեցնի իր ով լինելու մասին։

Այն, որ ես մինչև կյանքիս վերջին շունչը պայքարելու եմ իմ թոռնիկի սպանողին պատժի արժանացնացնելու և արդարադատության հաստատաման համար՝ անքննելի է, իսկ պայքարի մեթոդները կարող են տարբեր լինել՝ այդ թվում Ձեր նշածները։

Այնուամենայնիվ, այսքան երկար ժամանակ անց, ինչու չի ամբողջովին բացահայտվում քրեական գործը։

Իմ կողմից արված միջնորդությունները, որոնցում ես սպանության բացահայտման ուղղությամբ վարկած եմ առաջարկել, առանց որևէ հիմնավորումների մերժվել է՝ պատճառաբանվելով միայն մեկ խոսքով, թե իբր այն (վարկածը) անհիմն է։

Իսկ թե ինչու նախաքննական մարմինը չի բացահայտում թոռանս սպանությունը, ես կարող եմ միայն ենթադրել, որ դա կարող է լինել ինչպես մանսագիտական ունակությունների պակասի, այնպես էլ շահագրգռվածության արդյունքում։ Շահագրգռվածություն ասելով՝ ես ի նկատի ունեմ թե՛ քաղաքական, թե՛ բարեկամական, թե՛ ֆինանսական և հովանավորչական։ Թե սրանցից որն է իրական պատճառը, ես չեմ կարող ասել։ Միայն թե ինչպես մի ամբողջ 15-20 հոգանոց քննչական խումբը չկարողացավ բացահայտել մոտ 60-70 հոգու ներկայությամբ իրականացված սպանությունը, թողնում եմ Ձեր ենթադրությանը։ Միտումնավոր չբացահայտելու, գործը կոծկելու նպատակի մասին է խոսում, որ գործից 7 հոգու վերաբերյալ մաս անջատվեց և ուղարկվեց դատարան,։ Դրա մեջ չկա իմ թոռան սպանության վերաբերյալ ոչինչ, իսկ մայր գործով, որը իբր շարունակվում է քննվել, իրականում ոչ մի ռեալ գործողություն չի արվում։ Այն ընդամենը պահվել է, որ դատարանում հանդես եկող վկաներին պահեն մեղադրյալի կարգավիճակում, որպեսզի նրանք, օգտվելով իրենց կարգավիճակից, հեշտությամբ հրաժարվեն ցուցմունք տալուց և հանկարծ դատարանում էլ գործը չբացահայտվի։