• Fri. Apr 23rd, 2021

Հիվանդասենյակի պատուհանից ցած նետված տղամարդը հոսպիտալացվել էր 2 շաբաթ առաջ

Այսօր հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած 72-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ բուժում էր ստանում Երեւանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը, նա կենտրոն էր տեղափոխվել մարտի 25-ին:

Հիվանդության սկզբնական շրջանում տղամարդու մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել: Այդ ժամանակ, սակայն, նա ստացել է համապատասխան բուժումը և որևէ ծառայությունից չի հրաժարվել: Որոշ ժամանակ անց միայն դժգոհել է, որ բժիշկները իրեն պետք չեն:

«Երբ հիվանդը տեղափոխվեց մեզ մոտ, գտնվում էր ինտենսիվ բաժանմունքում, այնտեղ բուժման ընթացքում իր առողջական վիճակը կարգավորվեց, այսինքն՝ գնում էր դեպի լավացում, և տեղափոխեցինք սոմատիկ բաժանմունք, բայց վերջին երկու-երեք օրվա ընթացքում սկսեց հրաժարվել բուժումներից: Սննդից չէր հրաժարվում, միայն երբ իր մոտ բուժքույրը, բժիշկները մտնում էին, դժգոհում էր, ասում էր՝ դուք ինձ պետք չեք, ես ինձ վատ չեմ զգում, բուժման կարիք չունեմ: Հրաժարվում էր ներերակային ներարկումից, որի կարիքն ուներ, թույլ չէր տալիս ջերմությունն ու սատուրացիան չափել»,- մանրամասնեց նա:

Տնօրենի խոսքերով՝ հիվանդը չէր բացատրում, թե ինչու է հրաժարվում բժշկական օգնությունից, որն այդքան անհրաժեշտ էր իր առողջությունը վերականգնելու համար: Տեսնելով, որ տղամարդը ոչ մի կերպ չի ցանականում համագործակցել բուժանձնակազմի հետ՝ տնօրենը դիմել է հոգեբանի աջակցությանը:

«Մեզ մոտ ունենք համապատասխան ծառայությունը, և խնդրեցինք՝ հոգեբաններից մեկը աշխատի իր հետ, բայց ոչ մի փոփոխություն: Ես անձամբ խոսեցի իր աղջկա հետ, խնդրեցի՝ հայրիկին համոզիր, որ համագործակցի մեզ հետ, բայց իմ խնդրանքից հետո ինչ են խոսել, ինչու չի ստացվել դստերը համոզել նրան, ես տեղյակ չեմ»,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Տղամարդու դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում: Մինչև այդ, սակայն, մոտավորապես 06:00-ի սահմաններում մայրապետը այցելել է նրան, տեսել է, որ հիվանդը իր տեղում է: Հերթական այցելության ժամանակ նկատել է, որ նա հիվանդասենյակում չէ: Սերգեյ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տվյալ դեպքում հիվանդի նկատմամբ հատուկ հսկողություն չպե՞տք է սահմանվեր: Նա պատասխանեց, որ դեպքերի նման զարգացում ոչ մեկի մտքով չէր անցնում: «Ինչպես բոլոր հիվանդների դեպքում է, այնպես էլ ինքը ուշադրության պակաս չի ունեցել: Համենայնդեպս կանխատեսելի չէր, որ կարող է նման քայլի գնալ, որովհետև բուժանձնակազմի հետ խնդիրներ չի ունեցել, կոնֆլիկտային հարաբերություններում չի եղել, հանգիստ պառկած էր իր հիվանդասենյակում»:

Մանուկյանն ասում է՝ ենթադրել, թե տղամարդն ինչու է նման քայլի գնացել, չեն կարող, բայց չի բացառում, որ հիվանդը գուցե մինչեւ վարակվելն ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է տղամարդու մոտ վախ, դեպրեսիա ու հոգեկան առողջության խնդիրներ են առաջացել վարակվելուց հետո, ինչը կորոնավիրուսի հնարավոր հետեւանքներից է համարվում՝ տնօրենն ասաց, որ կատարվածը դրա հետ կապելը եւս ճիշտ չի լինի:

«Հայկական Ժամանակը» կապ հաստատեց նաև հիվանդի հետ աշխատած հոգեբանի հետ, որը հրաժարվեց խոսելուց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ: «Հիմա հետաքննություն է գնում, ես ավելին ասել չեմ կարող»,- ասաց նա:

Ի վերջո, ինչու է տղամարդը գնացել նման քայլի, որն է պատճառը՝ կորոնավիրուսային հիվանդությունը, անձնական խնդիրները, կպարզի Նորք-Մարաշ վարչական շրջանի ոստիկանության բաժինը: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկում նաև Քննչական կոմիտեն: Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաև նրա հիվանդության պատմագիրը: