• Thu. Apr 22nd, 2021

Մոսկվան մեկ հրաժարվում էր Ռոբերտ Քոչարյանից, մեկ ստանձնում նրա պաշտպանական քաղաքական առաքելությունը

Ռոբերտ Քոչարյանի դեմ մարտիմեկյան քրգործի կարճումը, իհարկե, զարմանալի կամ անսպասելի չէ այն որոշումից հետո, որ օրեր առաջ կայացրեց Սահմանադրական դատարանը՝ 300.1 հոդվածը համարելով հակասահմանադրական:

Դրան հաջորդող տրամաբանական որոշումը լինելու էր քրգործի կարճումը: Իրավականորեն ինչ շարունակություն կարող է ունենալ գործընթացը, կասեն իրավաբանները: Կլինի մեղադրանքի վերաորակավորում, նոր մեղադրանքի ներկայացում՝ այլ հատկանիշով, թե՞ նոր քաղաքական իրավիճակում մարտիմեկյան գործը կփոխզիջվի ավելի կարևոր որոշումների կամ համաձայնությունների, որոնք նշանակալի են Հայաստանի պետականության ու անվտանգության հեռանկարների տեսանկյունից:

Այդ ամենը գնահատելն իսկապես բարդ է, քանի որ դրա համար պահանջվում է խորհրդապահական տեղեկատվություն, ինչը մեր ձեռքի տակ գոյություն չունի: Առաջիկա զարգացումները թույլ կտան կռահել տեղի ունեցողի տրամաբանությունը հետահայաց, պարզ կլինի ժամանակի ընթացքում: Քաղաքական առումով հետաքրքրության է արժանի այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ տեղի ունեցող զարգացումները փաստորեն ծավալվեցին արտահերթ ընտրության շուրջ քաղաքական համաձայնությանը զուգահեռ, և բավականին արագ:

Ըստ այդմ` հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք դա եղել է քաղաքական համաձայնության գործոններից, փոխզիջման առարկաներից, որի շնորհիվ եղել է արտահերթ ընտրության շուրջ համաձայնությունը: Միևնույն ժամանակ, մյուս կարևոր հարցն այն է, թե ինչպիսին է Մոսկվայի դերն այդ գործում: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործում Մոսկվան եղել է անմիջականորեն ներգրավված, պարզ էր դեռևս 2018-ի հուլիսին Լավրովի հայտարարությունից, թե Հայաստանի նոր իշխանությունը խոստացել է ձեռք չտալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց չի կատարել այդ խոստումը:
Հետագայում, իհարկե, եղան բազմաթիվ դրսևորումներ, ընդ որում՝ հակասական, երբ Մոսկվան մեկ հրաժարվում էր Ռոբերտ Քոչարյանից, մեկ ստանձնում նրա պաշտպանական քաղաքական առաքելությունը: Այժմ այդ իմաստով մակընթացության փուլն է՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ:

Եվ հատկապես ուշադրության է արժանի այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կարճվում է նրա մոսկովյան այցին և վաղը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցին և Պուտինի հետ երկուսի շփումներին զուգահեռ: Միևնույն ժամանակ, ապրիլի 6-ի լրահոսում այդ իմաստով ուշադրության է արժանի մեկ այլ տեղեկություն, որը մնաց փոքր-ինչ ծածկված: Վարչապետ Փաշինյանը ազատել է իր խորհրդականին՝ գեներալ Արշակ Կարապետյանին, որը 2016-ի Ապրիլյան քառօրյայի օրերին ԶՈՒ ԳՇ հետախուզության բաժնի պետն էր և պաշտոնանկ եղավ քառօրյայից հետո: Ամենաուշագրավն այն է, որ նրան պաշտոնանկ անող նախագահ Սերժ Սարգսյանը նույն Կարապետյանին ամիսներ անց նշանակեց Մոսկվայում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ: Եթե Կարապետյանը թերացել էր հետախուզության մեջ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նրան ազատեց, բայց գործուղեց Մոսկվա: Դա որոշակիորեն դեմա՞րշ էր Ռուսաստանի դեմ, որին Սերժ Սարգսյանը խիստ թափանցիկ ակնարկով մեղադրում էր Ապրիլյան քառօրյայի համար: Եվ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց Կարապետյանին թավշյա հեղափոխությունից հետո՝ նշանակելով խորհրդական: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է նա ազատում Կարապետյանին այժմ: Կարապետյանը ինչ-որ միսիա իրականացրել ու ավարտե՞լ է, թե՞ չի իրականացրել միսիան, և այժմ նաև չկա դրա անհրաժեշտությունը՝ իրավիճակ է փոխվել:

Համենայն դեպս, Ապրիլյան քառօրյայից եկող և մարտիմեկյան գործի հետ զուգահեռվող այդ հետագիծը գուցե միայն օրվա լրահոսում չէ, որ ունի մեկտեղում: Եվ ընդհանրապես, Հայաստանի անցնող մոտ երեք տասնամյակում, կամ առաջին հաղթանակին հաջորդած մոտ քառորդդարյա շրջափուլում տեղի ունեցող արտակարգ և ողբերգական իրադարձությունները, թերևս, բավականին շատ են ու մասշտաբային՝ մեկ պետության համեմատաբար կարճ պատմության մեջ առանձին իրողություններ լինելու համար: Ըստ այդմ, այդ ամենը հասկանալու երկար ճանապարհն անցնելու համար Հայաստանի հանրությանը, թերևս, պետք է իրողությունները դիտարկել առավելագույնս լայն համատեքստով և մեծ շրջանակով: Այդ իմաստով, գործը իսկապես ծանր է, բազմակի ծանր, քան կարելի է պատկերացնել որևէ քրգործով դիտարկվող որևէ լուծում: