• Fri. Apr 23rd, 2021

Վաշինգտոն-Պեկին դիմակայության կողմերի հետ աշխատանքի անհրաժեշտությունը

ԱՄՆ-ը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիադան բոյկոտելու հնարավորությունը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Միանգամայն հասկանալի է, որ օլիմպիական խաղերի հետ առնչվող այդ քննարկումը աշխարհաքաղաքական խաղի մաս է և խոսում է այստեղ էական փոփոխությունների մասին, որն էլ ըստ էության արձանագրել էր ԱՄՆ նոր վարչակազմը իր արտաքին քաղաքական և անվտանգային հայեցակարգում: Մասնավորապես, Վաշինգոտնը հայտարարել էր, որ աշխարհաքաղաքական մրցակից է միայն Չինաստանը:

Այդպիսով, աշխարհը ավելի ու ավելի է մոտենում ամերիկա-չինական երկբևեռ դիմակայության, ինչը թույլ է տալիս խոսել մի քանի նոր իրողությունների կամ դրանց տանող ուժեղ միտումների մասին: Մասնավորապես, եթե Չինաստանը դիտվում է միակ մրցակից, ապա դա նշանակում է, որ Նահանգների նոր վարչակազմը որևէ կերպ չի նահանջելու Ռուսաստանի շուրջն օղակը սեղմելու քաղաքականությունից, ինչը Մոսկվային կա՛մ վերջնականապես մղելու է Պեկինի գիրկը, կա՛մ բերելու է Արևմուտքի հետ գործակցության: Դա նշանակում է, որ շարունակելու է աճել Թուրքիայի առավելությունը Ռուսաստանի նկատմամբ, որովհետև թե՛ Վաշինգտոնը, թե՛ Պեկինը Անկարան՝ իհարկե, տարբեր պատճառներով և մոտիվներով, դիտարկելու են Ռուսաստանի հանդեպ գործիք կամ ճնշման միջոց:

Իհարկե, Մոսկվան իր հերթին համարում է, որ Թուրքիայի հետ գործակցությունը կարող է օգտագործել ԱՄՆ-ի դեմ, հնարավոր է նաև ընդդեմ Չինաստանի, բայց այստեղ իհարկե պատկերը վկայում է բացարձակապես հակառակի մասին: Եվ այդ պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է հայկական պետականության համար՝ հաշվի առնելով այն, որ մեզ համար կենսական կարևորություն ունեցող Կովկասի անվտանգությունը մնում է ռուս-թուրքական հարաբերության վրա, որն իր հերթին «հեռակառավարվում» է Վաշինգտոնից և Պեկինից:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն էլ փորձում է էապես սահմանափակել նրանց հետ Հայաստանի հարաբերության և աշխատանքի հնարավորությունը: Մինչդեռ Երևանի համար թերևս ավելի ու ավելի է մեծանում Վաշինգտոն-Պեկին դիմակայության կողմերի հետ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հասնելու համար այն ըմբռնման և համաձայնության, որ աշխարհաքաղաքական գերակայության հասնող նրանց դիմակայությունը առավելագույնս մեղմ ռեժիմի հանգի Հայաստանի կենսական շահերի գոտում: