• Fri. Apr 23rd, 2021

Տրետյակով. Հակասությունների կծիկ Ռուսաստանը մտավոր ամլությամբ է տառապում

ezerk.am. Օգտակար է պարբերաբար ծանոթանալ Ռուսաստանին վերաբերող բուն ռուսական փորձագիտական գնահատականներին: Ահա այդպիսիններից մեկը հնչել է պետական հեռուստաալիքի վրա ապրիլ 6-ին:

Վիտալի Տրետյակով, – «Պետք է ցավով ընդունենք, որ Ռուսաստանը այսօր մտավոր իմաստով ամուլ է, նա աշխարհին ոչինչ չի տալիս: Ռուսաստանում ծնված որեւէ բան աշխարհն այսօր չի քննարկում, անշուշտ բացի Պուտինի քաղաքականությունից: Ավելին, մենք ինքներս չենք քննարկում որեւէ ռուսական տեսական համակարգ. ոչ սոցիալական, ոչ փիլիսոփայական, ոչ տնտեսական՝ ոչ մի:

Մտքի բացակայությունը հասկացանք: Ռուսաստանը, բացի այդ, հյուսված է բազմաթիվ հակասություններից: Առաջինը՝ ընտանիքի ինստիտուտի կրախն է: Համասեռականության մշակույթը, մասնավորապես, լիովին ինտեգրված է ռուսական հեռուստատեսության մեջ:

Չկա ամեն հասարակության շարժիչ ուժ հանդիսացող միջին դասակարգը: Աճեցնում, աճեցնում ենք՝ [30 տարի] չի աճում: Ուր են մեծությունները, մեծ մարդիկ, մեծ քաղաքական գործիչները, որոնց շարունակ կարելի լիներ մեջ բերել, թեւավոր խոսքերը կրկնել: Չկան այդպիսիք», – ավարտում է Ռոսիյա-2 պետական ալիքով իր ելույթը [1] պրոֆեսոր Տրետյակովը:

Տրետյակովի հոռետեսական ակնարկը վերաբերում էր անձամբ Վլադիմիր Պուտինին: Ռուսական հանրային ալիքների վրա պարբերաբար բռնկվող «ինքնաքննադատական» բանավեճերը սովորաբար համընկնում են Կրեմլում իրար հետեւող ճգնաժամերի հետ: Ընդհանուր ճգնաժամի ֆոնին այս մեկ լոկալը՝ երեքի հանրագումարն է. Նավալնի, Հայաստան, Ուկրաինա: Ելքի ուղին, ըստ Վիտալի Տրետյակովի, անհայտ է սկզբունքային պատճառներով:

Ավելացնենք, որ պահպանողական հայացքների տեր բանախոսը համարվում է Կրեմլին մոտ կանգնած անձնավորություն: Նա մոսկովյան խոշորագույն ՄԻՖԻ ֆիզիկական հետազոտական համալսարանի սոցիոլոգիայի եւ հումանիտար մշակույթի ամբիոնի պրոֆեսոր է: