• Fri. Apr 23rd, 2021

Փաշինյանն ու Պուտինը խոսել են Հայաստանի կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ քննարկելու հարցն ու լուծումներ գտնելու անհրաժեշտ չափաքանակի մատակարարման հարցում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:

«Դա առաջին, այսպես ասած, խորհրդանշական խմբաքանակն է, բայց մենք հույս ունենք ձեռք բերել մեծ խմբաքանակ, քանի որ այն ապացուցել է իր արդյունավետությունը, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ն ունենա հնարավորություն այն ձեռք բերելու: Հասկանալի է, որ հիմա նաև ՌԴ-ում մեծ պահանջարկ կա, վաղը կստանանք 15 հազար դեղաչափ, սակայն մենք մեկ միլիոնից ավելի դեղաչափի անհրաժեշտություն ունենք»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՌԴ նախագահը տեղեկացրեց, որ պատվաստանյութի արտադրությունը ՌԴ-ում թափ է ստանում: «Մենք կքննարկենք և կլուծենք այդ խնդիրը՝ ոչ ի վնաս ռուս սպառողների, ՌԴ քաղաքացիների: Արտադրական հզորությունը համապատասխանում է երկրի ներսում պահանջարկին: Ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի շատ մարդ է ցանկանում պատվաստվել, այնպես որ ներկայում պահանջարկն ու արտադրական հզորությունը, ըստ էության, համընկնում են: Այնուամենայնիվ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշեց Վլադիմիր Պուտինը: