• Thu. Apr 22nd, 2021

Ինչ է եղել Պուտին-Փաշինյան հանդիպման ոչ հրապարակային մասում

Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման հրապարակային մասը նշանավորվեց Փաշինյանի՝ տնտեսական ու քաղաքական պրեֆերենցիաների հույսով ու Պուտինի՝ ռազմավարական հարաբերությունների մասին ընդհանուր խոսքերով: Թե ինչ է եղել ոչ հրապարակային մասում, կարելի է ենթադրել:

Նիկոլ Փաշինյանն, օրինակ, բարձրացրեց ռազմատեխնիկական-անվտանգային ճարտարապետության, բանակի վերակառուցման, հայ-ռուսական ՀՕՊ եւ միացյալ զորախմբի, գերիների վերադարձի, Ղարաբաղի խնդրի կարգավորման, պատվաստանյութի մատակարարման, նոր ատոմակայանի կառուցման, ռուսական ռազմավարական ներդրումների հարցերը:

Ի պատասխան Պուտինը հիշեցրեց, որ Հայաստանում ամենաշատ ներդրումներ կատարել է Ռուսաստանը, հույս հայտնեց, որ առեւտրաշրջանառությունը կաճի, որ հաղորդակցությունների բացումը կնպաստի Հայաստանի զարգացմանը: Նա նշեց, որ ամենաակտուալ հարցը իրավիճակն է Լեռնային Ղարաբաղում: Պատվաստանյութի հարցում էլ նկատեց, որ մատակարարումները չպետք է լինեն ՌԴ քաղաքացիների հաշվին, քանի որ Ռուսաստանում էլ չի հերիքում:

Պուտինն այսպիսով նշեց իր միակ առաջնահերթությունը՝ Ղարաբաղում եռակողմ համաձայնության իրագործումը: Դա ենթադրում է Հայաստանի սուբյեկտության ոչնչացումը «հաղորդակցական միջանցքներով», Հայաստանի վերածումը մահապարտ բուֆերի՝ Ռուսաստանի սահուն նահանջը Կովկասից եւ թուրքերի առաջխաղացումը դանդաղեցնելու համար: Նման «կարգավիճակը» պահելու համար Հայաստանը պետք է լիովին մեկուսացվի, բացառելով տնտեսական զարգացումը, իսկ բանակը պետք է լինի ռուսական լիարժեք վերահսկողության տակ՝ ռուսական կառավարելի սպառազինության նոր խմբաքանակներով եւ համատեղ ՀՕՊ ու միացյալ զորախմբի հիման վրա «վերակառուցելով»:

Գերիների, իրականում՝ պատանդների առկայությունը ձեռնտու է թե Բաքվին, թե Մոսկվային՝ դա լծակ է ոչ միայն Հայաստանի դեմ, այլեւ միմյանց միջեւ երբեմն առաջացող «տարաձայնություններում»:

Նիկոլ Փաշինյանին հրավիրելով Մոսկվա, դրա նախօրեին էլ Քոչարյանի հետ հեռախոսազրույցը հաստատելով, Պուտինը նշել է այս ծրագրի իրագործման հայաստանյան ներքաղաքական մասը՝ Հայաստանին պարտադրվում է Փաշինյան-Քոչարյան «ընտրությունը», որոնք երկուսն էլ հավանություն են տվել ռուս-թուրքական ծրագրերին:

Կարելի է ենթադրել, թե ինչ է եղել Պուտին-Փաշինյան հանդիպման ոչ հրապարակային մասում: Ռուսահպատակ կառավարության ու «ընդդիմության» պայմաններում Հայաստանին նույնիսկ խոստումներ կարիք չկա տալու: