• Fri. Apr 23rd, 2021

Լավրովի հայտարարությունն ու Պուտին-Փաշինյան զրույցը չունե”ն որևէ ընդհանրություն

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ռուսաստանը Պակիստանին առաջարկել է սեղմած գազի մատակարարումներ և սպասում է Իսլամաբադի պատասխանին:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը հնչում է Մոսկվայում հայ-ռուսական բարձր մակարդակի՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը զուգահեռ, որտեղ, ինչպես հայտնի է, քննարկվել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ օրակարգի առնչվող հարցեր, հայ-ռուսական երկկողմ հեռանկարներ ու եվրասիական ինտեգրացիային առնչվող թեմաներ:

Այստեղ, անշուշտ, Հայաստանի համար կան Ռուսաստանի հետ համատեղ կարևոր հետաքրքրություններ, այդ թվում՝ անվտանգային ոլորտում՝ թե՛ Արցախի, թե՛ Սյունիքի ուղղությամբ մասնավորապես, բայց միևնույն ժամանակ նաև կան մի շարք հարցեր՝ կապված Կովկասում ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերության, դրանից բխող մարտահրավերների հետ, հատկապես հաշվի առնելով Արցախի դեմ պատերազմն ու դրանում ՌԴ, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր առաջացրած պահվածքը, այդ թվում՝ պատերազմից հետո:

Առաջին հայացքից Լավրովի հայտարարությունն ու Պուտին-Փաշինյան զրույցը չունեն որևէ ընդհանրություն, տարբեր օրակարգեր են, տարբեր խնդիրներով: Բայց հենց վերը բերված հանգամանքները մեզ պետք է ստիպեն բավականին լուրջ ուշադրության արժանացնել Պակիստանի ուղղությամբ Մոսկվայի հետաքրքրությունը:

Այն, որ սեղմած գազը այստեղ առիթ է, իսկ բուն հարցը քաղաքական է, վկայում է հանգամանքը, որ դրա մասին բարձրաձայնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանն ակնհայտորեն սկսում է Պակիստանի ուղղությամբ հարաբերություն խորացնելու կամ խոր հարաբերություն կառուցելու շարժ, և սեղմած գազի մատակարարումների առաջարկը դրա մեկնարկն է: Դեռևս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Իսլամաբադը, սակայն այստեղ Հայաստանի համար կա աչալրջության նոր առիթ:

Թե ինչպիսին է Պակիստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, պարզ է վաղուց: Պակիստանը ունեցել է և ունի խիստ ադրբեջանամետ դիրքորոշում: Պակիստանը, Թուրքիայից և Ադրբեջանից բացի, մյուս երկու պետություններից մեկն է, որ հենց արցախյան հարցի պատճառով չի հաստատել դիվանագիտական հարաբերություն Հայաստանի հետ: Մյուսը Սաուդյան Արաբիան է, բայց Սաուդյան Արաբիայի դեպքում դա չի խանգարել Հայաստանի հետ հաղորդակցությանն ու շփումներին, նվազագույնը ղեկավարների մակարդակով ուղերձներին: Սաուդյան Արաբիան չի դիրքավորվել իբրև թշնամի, ի տարբերություն Պակիստանի, որը արցախյան թե՛ առաջին, թե՛ նաև 44-օրյա պատերազմին ունեցել է թերևս ուղղակի մասնակցություն:

Ավելին, դրանից հետո խոսվում է Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական որոշակի գործակցության ձևավորման մասին: Էլ ավելին՝ Պակիստանի զինուժի հրամանատարի շաբաթներ առաջ Թուրքիա կատարած այցից հետո փորձագետների շրջանում եղան կարծիքներ, որ միջուկային սպառազինության տիրապետող Պակիստանը կարող է դառնալ Թուրքիային այդ տեխնոլոգիան փոխանցող երկիր: Այդպիսով, բավականին պարզորոշ է, թե ինչ ուղղությամբ է սկսում աշխատել Ռուսաստանը: Մոսկվայի շահը այդ իմաստով հասկանալի է՝ կենտրոնանալ ասիական ուղղությամբ, որտեղ կա ոչ միայն Արևմուտքի հետ դիմակայության համատեքստում ամրանալու, այլ նաև բուն ուղղությամբ թե՛ Չինաստանի, թե՛ Հնդկաստանի, թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ մրցակցելու խնդիր:

Այդ ամենը, իհարկե, մի կողմից կարող են հիմք լինել մտածելու մասին, որ Ռուսաստանի հաջողությունը կարող է դառնալ Պակիստանին զսպելու հնարավորություն: Մյուս կողմից, սակայն, նույն կերպ, առնվազն ոչ պակաս հիմնավորմամբ կա մյուս հարցը՝ Ռուսաստանը կարող է սեղմած գազից անդին Պակիստանին անել «աշխարհաքաղաքական առաջարկներ»: Իսկ դրանք արդեն լուրջ մտահոգության առարկա կարող են լինել հայկական կողմի համար՝ հաշվի առնելով վերը բերված հանգամանքները: Հատկապես եթե Մոսկվան ձեռնամուխ լինի Պակիստան-ԵՏՄ ինտեգրացիայի գաղափարին:

Ահա այդ լայն համատեքստն է, որ բավականին նուրբ, սակայն, միևնույն ժամանակ, լրջագույն դիտարկումների առիթ է ստեղծում ընդհուպ հայ-ռուսական հարաբերության օրակարգ, որտեղ երկկողմ քննարկումները չեն կարող զերծ լինել Ռուսաստանի և Հայաստանի հանդեպ ագրեսիվ ու թշնամական տրամադրված պետությունների երկկողմ հարաբերության օրակարգերից: Առավել ևս, երբ դրանք ակնհայտորեն կարող են հանգեցնել այդ պետությունների դերի բարձրացման՝ եվրասիական մասշտաբով: