• Fri. Apr 23rd, 2021

Կառավարությունը հաստատեց զորակոչից խուսափած անձանց նկատամբ համաներում հայտարարելու նախագիծը

Byhttp://Mitk.am

Apr 8, 2021

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Այս նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և/կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Սահմանվում է հետևյալը՝ «համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաև չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով»:

Ըստ նախագծի՝ «համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`

1) որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.

2) որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

3) որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի»։

Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչև պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած անձանց վրա։

«Համաներման շահառու են հանդիսանում նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։ Խոսքը վերաբերում է հետախուզման մեջ գտնվող այն անձանց, ովքեր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ»,- ընդգծեց Բադասյանը։

Նա նշեց, որ նախատեսվում է այս նախագծի շահառու կարող են լինել հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 անձ և դատապարտված առավելագույնը 124 անձ։ «Սրանք այն առավելագույն թվերն են, որոնց նկատմամբ համաներումը կարող է տարածվել»,- ասաց նա։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր այս օրենք ուժի մեջ մտնելու դրությամբ բացի Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապատվել են ՀՀ Քրեական օրենսգրքի այլ հոդվածով։

Չի կիրառվելու նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչև 2021 թվականը դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան։