• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանը պետք է անի առավելագույնը ռեգիոնալ համակեցության ռեժիմի հարցում Վրաստանի հետ

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Վրաստանում սոցհարցման տվյալներ, որոնք բավականին ուշադրության են արժանի նաև Հայաստանում: Ըստ իրականացված հարցման՝ Վրաստանի հանրության 64 տոկոսը Հայաստանի հետ հարաբերությունը գնահատում է դրական:

Միաժամանակ, հարցվածների միայն 11 տոկոսն է Հայաստանը դիտարկում որպես գլխավոր գործընկեր: Իսկ որպես առաջնահերթ տնտեսական գործընկեր Հայաստանը դիտարկվում է միայն հարցվածների 9 տոկոսի շրջանում: Այդ առումով Վրաստանում Հայաստանին գերազանցում են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան:

Անշուշտ, միամտություն է մտածել, թե Հայաստանն այդ իմաստով ի վիճակի է մրցակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով տանդեմի ահռելի հնարավորությունները, միաժամանակ նաև այն հանգամանքը, որ Վրաստանը խնդիր ունի Ռուսաստանի հետ, և Հայաստանն այսպես թե այնպես որոշակիորեն դիտարկվում է որպես այդ հակադիր վեկտորի վրա գտնվող սուբյեկտ:

Այդուհանդերձ, հայ-վրացական հարաբերությունը սերտացնելը Հայաստանի համար պետք է դիտվի ռազմավարական առաջնահերթություն: Հատկապես այն պարագայում, երբ կան որոշակի վտանգներ այլ իմաստով: Մասնավորապես, ներկայումս ակնհայտ է ռեգիոնը համակեցության որոշակի ռեժիմի բերելու Ռուսաստանի քաղաքականությունը: Պետք է նկատել, որ Հայաստանի համար՝ ներառյալ Արցախը, հատկապես ծանր պատերազմից հետո այդ ռեժիմը կարևոր է ուշքի գալու համար: Միաժամանակ շատ կարևոր է, որ դա տեղի ունենա ամենևին ոչ այնպիսի քաղաքական գնով, որի պարագայում Հայաստանն ուշքի կգա, բայց քաղաքականապես զգալիորեն իրավազուրկ: Համակեցության այդ ռեժիմը Հայաստանի համար որքան կարևոր, նույնքան էլ լի է մարտահրավերներով, այդ թվում նաև՝ Վրաստանի ուղղությամբ:

Ըստ այդմ, Երևանը խնդիր ունի մի կողմից՝ իհարկե աշխատել համակեցության ռեժիմի պահպանման, խաղաղության պահպանման ուղղությամբ Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ աշխատել այնպես, որ դա տեղի չունենա Հայաստանի համար քաղաքական ռազմավարական նոր խնդիրների առաջացման տարբերակով: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ ռուսական ռազմավարությունը հնարավոր է դիտարկում հայ-ադրբեջանական հաղորդուղիների ու ենթակառուցվածքների ձևավորման միջոցով ստեղծել Հայաստանի հետ կապի նոր հնարավորություն, ինչը Մոսկվային թույլ կտա արդեն որոշակիորեն արձակել իր ձեռքերի կապերը Վրաստանի հանդեպ քաղաքականության ուղղությամբ: Եվ եթե այստեղ Մոսկվայի հետ խաղա նաև Թուրքիան, ինչի հավանականությունը, մեղմ ասած, մեծ է, ապա չի բացառվում, որ այդ խաղը հանգեցնի նաև հայ-վրացական կոնֆլիկտի հրահրման՝ որպես խաղի լարերից կամ գծերից մեկը:

Հայաստանը պետք է անի առավելագույնը ռեգիոնալ համակեցության ռեժիմի հարցում Վրաստանի հետ հարաբերությունը ոչ միայն չթուլացնելու, այլև խորացնելու ուղղությամբ: Հայ-վրացական բազմաբնույթ և ինտենսիվ հարաբերությունը ներկայումս դառնում է առավել քան կարևոր: Միաժամանակ, դա առավել քան կարևոր է նաև Վրաստանի համար, ինչը պետք է լինի վրացական հանրության գիտակցման տիրույթում: Այդ իմաստով իհարկե ողջունելի նախադրյալ է այն, որ Հայաստանը Վրաստանի համար սպառնալիք դիտում է ընդամենը հարցվածների 3 տոկոսը՝ այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք դիտելու առումով նրանց թիվն ավելի մեծ է՝ կրկնակի ու եռակի: