• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանում սկսվում է նախընտրական շրջան, ու այս իմաստով այցը Փաշինյանի համար կարևոր էր

«Փաստը, որ ընտրություններից առաջ Փաշինյանը հանդիպում է Պուտինի հետ, անկասկած նրա օգտին ուղղված միավոր է»,- անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Միևնույն ժամանակ Տարասովն ընդգծեց՝ հանդիպումը սովորական չէր. «Ինչ-որ մոտիվացիա կար, բայց հասկանալի չէ, թե նրանք ինչ էին որոշում։ Հասկանալի է, որ Հայաստանում սկսվում է նախընտրական շրջան, ու այս իմաստով այցը Փաշինյանի համար կարևոր էր»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Փաշինյանը վերահաստատել է, որ կողմ է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, նաև հաստատել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կողմնակիցն է, ինչը ներառված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում. «Սա ևս շատ կարևոր եմ համարում: Գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատում են երեք երկրների փոխվարչապետները, և աշխատանքը շարունակական է։ Բացի այդ՝ այցի ընթացքում կոշտ հակաադրբեջանական հայտարարություններ չեն հնչել։ Դա ևս հետագա աշխատանքի համար էական է»։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձի շուրջ Ռուսաստանի հնարավոր աջակցությանը, Տարասովն ընդգծեց. «Ինչքան գիտեմ, այդ հարցի շուրջ քննարկում չի եղել։ Դա մասնավոր հարց է, ու մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը պահում գերիներին, ինչ է ուզում»։

Խոսելով առաջիկա ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրությունների մասին՝ քաղաքագետն ասաց. «Մեզ պետք է կայունություն, սահմանադրական գործընթաց։ Մոսկվան Հայաստանի ներքին հարցերին չի խառնվի, բայց այն փաստը, որ Պուտինը ընտրություններից առաջ հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, նշանակում է, որ Մոսկվան համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության կենտրոնում է ու որոշող գործոն»։