• Fri. Apr 23rd, 2021

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, Մոսկվայից եկած ինքնաթիռը Երևան է ժամանել ապրիլի լույս 8-ի գիշերը:

Այս մասին հայտնում է Երևանում «Россотрудничество»-ի գրասենյակը: Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, ՀՀ ԱՆ-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Երևանում «Россотрудничество»-ի գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:

«Առաջին հերթին պատվաստում կկատարվի ռիսկի խմբի շրջանում: Ես կցանկանայի նշել, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է: Սա մեր ժողովուրդների միջև սերտ փոխգործակցության և եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է»,-նշել է Պավել Կուրոչկինը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու դոզայի համար վճարվել է 19 դոլար։

Ըստ նրա՝ պատվաստման գործընթացը չի հետաձգվում, աշխատանքները տարվում են։ «Այս գիշեր մենք արդեն ստացել ենք նաև Սպուտնիկ V-ն, հիմա մաքսազերծման և այլ գործընթացներով կանցնի, և երկուշաբթի օրը կփորձենք բոլոր հարցերին պատասխանել։ Այո, մի քանի օր հետաձգվեց գործընթացը»,- հավելեց նա։

Ըստ նախարարի՝ վերջին շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել և Երևանի, և մարզերի բուժհաստատությունների ներկայացուիցչների հետ և պարզել է, որ պատվաստումների նկատմամբ բնակչության հետաքրքրությունը մեծ է։