• Fri. Apr 23rd, 2021

Հայ ռազմագերիների հարցում անկասկած է, որ առանցքային դեր ունի Ռուսաստանը

Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցի առնչությամբ պայմանավորվել են աշխատանքներն ավելի ինտենսիվացնել:

ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայ ռազմագերիների հարցի կարևորության շեշտադրումը անկասկած էական էր: Միևնույն ժամանակ, սակայն, բաց է մնում հարցը, թե ինչ է նշանակում այդ ուղղությամբ աշխատանքի ինտենսիվացում: Այդ ինտենսիվացումը ենթադրում է հայ-ռուսակա՞ն հարաբերության տիրույթում աշխատանք, թե՞ հայ-ռուսական աշխատանքը Ադրբեջանի կամ, առավել ևս, Թուրքիայի հանդեպ՝ նրանց վրա ճնշում բանեցնելու համար: Կամ՝ խոսքը ճնշո՞ւմ բանեցնելու, թե՞ Ադրբեջանի կամ Թուրքիայի առաջ քաշած ինչ-ինչ պայմաններ բավարարելու մասին է: Անորոշությունն իսկապես շատ է: Ի՞նչն է խանգարել, որպեսզի այդ ինտենսիվ աշխատանքը լիներ մինչ այժմ:

Ընդհանրապես հայ ռազմագերիների հարցում անկասկած է, որ առանցքային դեր ունի Ռուսաստանը: Հայաստանն ինքնին քիչ հնարավորություն ունի պարտված պատերազմից հետո ազդելու այդ հարցում Ադրբեջանի վրա, առնվազն կարճաժամկետ հատվածում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որ ունի շոշափելի դեր, ինչպես նաև անմիջական պատասխանատվություն՝ նոյեմբերի 9-ի թղթի տակ Պուտինի ստորագրությամբ, ի վիճակի՞ է որևէ ճնշում բանեցնել Ադրբեջանի հանդեպ, ի վիճակի՞ է լուծել այդ հարցը, թե՞ ոչ: Մինչ այժմ Ռուսաստանի ցանկությո՞ւնն է եղել քիչ, թե՞ հնարավորությունը: Հարցը առաջին հերթին մարդասիրական է, սակայն ոչ միայն: Դրա քաղաքական նշանակությունն ակնառու է, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի ներքաղաքական կյանքի համար: Հարցի լուծումը Ռուսաստանը կապակցո՞ւմ է այդ տիրույթի հետ, եթե հաշվի առնենք այն, որ Մոսկվայում Պուտին-Փաշինյան քննարկվող հարցերի շրջանակը ներառելու էր նաև Հայաստանում արտահերթ ընտրության գործընթացի հետ կապված իրավիճակի քննարկում: