• Fri. Apr 23rd, 2021

Նախարարը հերքեց, որ 75-ամյա պացիենտից անջատել են թթվածնի սարքը, որ փրկեն 35-ամյա պացիենտի կյանքը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է այն տեղեկությունը, թե Երևանի հիվանդանոցներից մեկում covid-ով հիվանդ 75 ամյա պացիենտից անջատել են թթվածնի սարքը, որպեսզի կարողանան փրկել 35-ամյա պացիենտի կյանքը։

«Նման դեպք ինձ հայտնի չէ, և վստահ եմ, որ նման բան չկա»,- ասաց նախարարը։

«Միանշանակ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վարակի տարածումն անկանխատեսելի ձևով տեղի չունենա, և մենք էլ մեր հիվանդանոցային ռեսուրսներով բավարար ու պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերենք մարդկանց»,- հավելեց նա։

Ըստ նախարարի՝ այս պահին ծավալված է 2500 մահճակալ, և դրանք ամբողջովին սպասարկում են covid պացիենտներին։ Անդրադառնալով հիվանդացության իրավիճակին, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Վերջին մեկ շաբաթը եթե համեմատենք դրա նախորդ շաբաթի հետ, գրեթե նույն ցուցանիշներն ունենք։ Գնահատենք, որ կայունացում է, այսինքն՝ շարունակական թռիչքաձև աճը չունենք»։