• Fri. Apr 23rd, 2021

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2021 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են:

«Արտահայտություններ են թույլ տրվել, որից կարելի է ենթադրել, որ նկատի ունի պարոն Քոչարյանին»,- ասաց Ալումյանը:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ արտահայտություններ, Քոչարյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ վարչապետի ելույթում կան արտահայտություններ, որոնք, ըստ էության, այդ պահին քննվող քրեական գործի վրա են հղում արվում:

«Այնտեղ խոսվում է այնպես, որ որեւէ կասկած չկա՝ խոսքը, այդ թվում՝ նաեւ պարոն Քոչարյանի մասին է: Ուղղակիորեն ազգանունը չի նշվել, բայց ամբողջ խոսքը կառուցված է այնպես, որ որեւէ կասկած չի թողնում՝ խոսքը մյուսների հետ միասին նաեւ պարոն Քոչարյանի մասին է»,- ասաց Ալումյանը:

Այսպիսով՝ Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել եւ զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել: «Պահանջում ենք ճանաչել իր անմեղության կանխավարկածը, պահանջում ենք նաեւ զրպարտության հետ կապված հերքում: Նկատի ունենալով, որ միաժամանակ 2 տարբեր խախտումներ են թույլ տրվել՝ 2-ական մլն դրամ ենք պահանջում: Ընդհանուր առմամբ՝ 4 մլն դրամ»,- մանրամասնեց հայցվորի ներկայացուցիչը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Քոչարյանը դատի տվել նաեւ Հայաստանի Հանրապետությանը, նրա ներկայացուցիչը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ է հանդես եկել, եւ իր ելույթը տեղադրված է եղել պաշտոնական կայքերում՝ վարչապետի կայքում. «Այսինքն՝ այստեղ ոչ միայն մասնավոր անձի կողմից տարածված տեղեկություններ են, այլ նաեւ ՀՀ պաշտոնական էջերում են տեղադրվել: Մենք գտել ենք, որ այս դեպքում ոչ միայն վարչապետն է պատասխանատու, այլեւ ՀՀ-ն, որի անունից նա հանդես է գալիս: Այսինքն՝ անմեղության կանխավարկածը կարող է խախտել ՀՀ-ն, կամ ՀՀ անունից գործող որեւէ անձ»:

Սա արդեն Ռոբերտ Քոչարյանի 3-րդ հայցն է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Հիշեցնենք, որ վարչապետն իր ելույթում մասնավորապես ասել էր. «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»: Նշենք, որ Փաշինյանի այս  հայտարարությունների ժամանակ Քոչարյանը փաստացի մեղադրյալի կարգավիճակ է ունեցել: