• Thu. Apr 22nd, 2021

Ռոբերտ Քոչարյանի դերի ռեսուրսն ու նշանակությունը սպառվում է ամենուր

Ռուսաստանի հարցազրուցավար Վլադիմիր Պոզների հարցին ի պատասխան, թե Հայաստանում հանրությունը կարող է լավ չընկալել ռուսաստանյան իր ելույթը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց, որ չունի Ռուսաստանի հետ հարաբերության իր դիրքորոշումների առնչությամբ թաքցնելու բան, և դրանք հայտնի են բոլորին:

Երկրորդ նախագահ Քոչարյանն այդ իմաստով իսկապես խաղում է բավականին բաց և արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում թավշյա հեղափոխությունից հետո ամբողջ ընթացքում: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, ոչ ամբողջապես բաց խաղաքարտերով, սակայն նկատելիորեն խաղում էր այդ դիրքում նաև Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, այսինքն՝ իր պաշտոնաթողությունից հետո ամբողջ ընթացքում: Ամենահետաքրքիրը այդ ամենում թերևս այն է, որ իր նախագահության ընթացքում երկրորդ նախագահը փորձում էր խաղալ բազմավեկտոր կամ նկատելիորեն բազմավեկտոր: Համենայնդեպս, 2005-06 թվականներին Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունը նկատելի լարված էր՝ ունենալով դրա մի քանի դրսևորում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական քայլերում և պատկերացումներում նկատելի էր արևմտյան վեկտորը, այդ թվում և արտգործնախարար Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու ծրագրի առումով, որ ակնհայտորեն շոշափվում էր 2006 թվականին: Սակայն տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հանգեցին մարտիմեկյան ողբերգության, և Հայաստանում առաջ գնաց 2007-08 թվականների ոչ թե քոչարյանական, այլ սերժսարգսյանական ծրագիրը, և Սարգսյանն էլ նախագահի ընտրությունից և մարտիմեկյան ողբերգությունից հետո, դեռևս իհարկե վարչապետի կարգավիճակում, այցելելով Մոսկվա՝ ընտրական գործընթացում իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց այն ժամանակ դեռևս ՌԴ նախագահ Պուտինին, որը մայիսին պետք է զիջեր նախագահի պաշտոնը Մեդվեդևին:

Ինչո՞ւ ՌԴ նախագահ Պուտինն այն ժամանակ չօգնեց իր ընկեր Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի իշխանության 2007-08 թվականների անցումը կատարել նրա ծրագրով: Ինչո՞ւ էր ընդհանրապես 2005-06 թվականներին առաջացել Երևանի ու Մոսկվայի միջև նկատելի լարումը: Թե՞ «ընկեր» կատեգորիան ներդրվեց Հայաստանի ներքաղաքական կյանք ավելի ուշ, երբ այն պետք էր արդեն ներքաղաքական կյանքը այլ կերպ կառավարելու համար՝ նախ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, որպեսզի աջակցություն ստացած Սարգսյանը հանկարծ չփորձի «ուրանալ» այն, և հետո արդեն թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում:
Եվ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը, որ իր նախագահության շրջանում ակնհայտորեն փորձում էր քայլեր կատարել Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության ադրբեջանա-թուրքական բեկմանը որևէ կերպ այլընտրանք ձևավորելու ուղղությամբ՝ իհարկե անհաջող, ներկայումս չի փորձում ընդդիմանալ նույն ռուսական քաղաքականության ծիրում պաշտոնաթողությունից հետո իրեն վերապահված դերին: Ռոբերտ Քոչարյանը չի ընդդիմանում Ռուսաստանի օգնությամբ իշխանություն վերադառնալու մեծ ցանկությա՞ն, թե՞ այլ պատճառով: Ի վերջո, այդ դերի ռեսուրսը անսահմանափակ չէ, և դա գիտի թե՛ Ռուսաստանը, թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանը: Հետևաբար կա՛մ նա կգա իշխանության, կա՛մ առաջանում է հարց՝ ինչ է լինելու դերակատարի հետ, երբ սպառվի դերի ռեսուրսն ու նշանակությունը:

Թեև Հայաստանի հանրության և հայության համար ներկայումս առանցքային է հարցը, թե ինչ է լինելու այդ սխեմայի մեջ արդեն մոտ երկու տասնամյակ խրված Հայաստանի հետ, և ինչպես դուրս բերել Հայաստանն այդ սխեմայից: Մի մտքի հանրությունը թերևս պետք է գա հնարավորինս արագ, որ լուծումները հենց իր մտածողության դաշտում են, այլ ոչ թե այս կամ այն անձի հետ կապված որևէ լուծման: