• Fri. Apr 23rd, 2021

Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանեց 8 անդամից բաղկացած ՍԴ-ն, բա տուժողների շահերը ո՞վ պետք է պաշտպանի

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի մեկի գործով դատարանի կայացրած որոշման վերաբերյալ հարցերին։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով։

«Կասկած չունենաք, իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական։ Այս դատավորների տրամաբանությունը դա է։ Ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց կայացրած որոշումները, 300․1 հոդվածն  իրո՞ք հակասահմանադրական, թե՞ Հրայր Թովմասյանի ճաշակով է և կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ», ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ հոդվածը տարիներ շարունակ իրենք են ամրագրել Քրեական օրենսգրքում։ «Նույն Հրայր Թովմասյանն է դրել այդ հոդվածը՝ իր հայրիկների և մայրիկների հետ։ Դավիթ Հարությունյանը, մյուսները, բոլորը մասնակից են սրան։ Պարբերաբար Սահմանադրությունն անընդհատ փոխում էին ըստ ճաշակի։ Վերջը Հայաստանում բոլորի ձեռքերն ազատ են թողնում, որ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան, անեն»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը հարցադրում արեց․ «Ի՞նչ, Մարտի մեկով ոչ մի բան չի եղե՞լ, բանակ չի օգտագործվե՞լ, էդ կարգը խախտված էր չէ՞։ Սեյրան Օհանյանը գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր՝ էդ ժողովուրդն ուրեմն մի բան արե՞լ է, չէ, որ ներքին զորքերը բերել լցրել են»։

Ըստ նրա՝ դատարանների ու ՍԴ կողմից միտում կա այս գործում։ «Սահմանադրական դատարանի 8 անդամներից 8-ը, որից երեքին մենք ենք ընտրել․․․ Ինձ հետաքրքիր է, այս երեքին, հատկապես Խունդկարյանին մենք ինչո՞ւ ենք ընտրել։ Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, էսքան տարիների մեջ մի հատ արտահայտվեիր, որ 300․1 կետը մեր սահմանադրությանը հակասող հոդված է։ Հիմա պարոն Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանեց մեր 8 անդամից բաղկացած ՍԴ-ն, բա տուժողների շահերը ո՞վ պետք է պաշտպանի։ Էս Սահմանադրությունը մենակ Ռոբերտ Քոչարյանի համա՞ր է»,- հավելեց Քոչարյանը։