• Вт. Сен 21st, 2021

Հայ-թուրքական հարաբերության հարցը աշխարհաքաղաքական բարդ հարցերից, հանգույցներից մեկն է

Автор:http://Mitk.am

Сен 5, 2021

Հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ հանրային-քաղաքական քննարկումների որևէ աշխուժացում ուղեկցվում է մի հաճախ, պարբերաբար կրկնվող փաստարկով, որ Թուրքիայի հետ հարաբերության կարգավորումը և տնտեսական հաղորդակցությունը կբերեն նրան, որ թուրքական կապիտալը կխժռի Հայաստանի տնտեսությունը, այդպիսով ձեռք բերելով նաև քաղաքական ազդեցություն:

Անկասկած է, որ տնտեսական ռեսուրսները քաղաքական ազդեցության միջոց են: Սա աքսիոմատիկ է՝ աշխարհաքաղաքականության հիմքում ըստ էության պայքարն է տնտեսական ռեսուրսների համար: Սակայն, ժամանակակից աշխարհում հիբրիդային տեխնոլոգիաների գերարդիականության, և շարունակվող տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում իրավիճակի պարզունակ պատկերացումները բոլորովին համարժեք չեն այն խնդիրներին, որ կանգնած են պետությունների և հասարակությունների առաջ 21-րդ դարում: Այդ խնդիրների լուծումը, որքան էլ հնչի ցավալի կամ ոչ հաճելի, բաց միջավայրերին ադապտացվելու և մրցունակ լինելու կարողությունն է: Եթե այն չկա, ապա փակվելը չի կարող լինել որևէ լուծում, այլ հավասարազոր կարող է լինել պարզապես դանդաղ մահվան՝ ինքնախաբեության «սիմֆոնիայի» ուղեկցությամբ:

Միևնույն ժամանակ, ներկայումս իհարկե դեռ վաղ է դիտարկել հայ-թուրքական հարաբերության կարգավորման մի ռեժիմ, որտեղ տնտեսական հաղորդակցությունն այնպիսին է, որ այլևս իրական է թուրքական տնտեսական էքսպանսիայի վտանգը: Հայ-թուրքական հարաբերության հարցը աշխարհաքաղաքական բարդ հարցերից, հանգույցներից մեկն է, որի կարգավորումը ունի բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խութեր: Միաժամանակ, Հայաստանն իհարկե պետք է պատրաստ լինի իրադարձությունների արագ զարգացման սցենարների, ըստ այդմ նաև տնտեսական ռիսկերի վերաբերյալ լուծումների:

Այստեղ սակայն հարկ է թերևս անդրադառնալ խնդրի մեկ այլ կողմի: Իսկ ո՞վ կարող է պնդել միարժեքորեն, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման պարագայում Հայաստան կհոսի թուրքական կապիտալը, այլ ոչ, օրինակ՝ արաբական: Ի վերջո, հայ-թուրքական հարաբերության կարգավորումը ռեգիոնալ կայունության հիմնական «կոդերից» մեկն է: Ռեգիոնալ կայունությունը կարող է դառնալ Կովկասի և այդ թվում Հայաստանի ներդրումային գրավչության էական աճի նախադրյալ: Իսկ դա նշանակում է, որ կհոսեն ոչ միայն թուրքական ներդրումները, և գուցե առաջին հերթին ոչ այնքան թուրքական ներդրումները: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել նաև հանգամանքին, որ այսօր Թուրքիան ինքն ունի ներդրումային էական հոսքերի կարիք, քանի որ կանգնած է տնտեսական բավականին բարդ իրավիճակի առաջ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկայումս ներդրումների ինտենսիվ որոնումների մեջ է: Այդ համատեքստում նա Թուրքիայում ներդրումներ անելու է հրավիրում Արաբական Միացյալ Էմիրություններին, չնայած այն քաղաքական տարաձայնություններին, որ երկրներն ունեին մերձավորարևելյան ռեգիոնի ռազմա-քաղաքական անվտանգային միջավայրի առնչությամբ: Աշխարհաքաղաքական, սուլթանական, կայսերական հավակնությունները, որ դրսևորում է Էրդողանն արդեն մի քանի տարի, չափազանց թանկ հաճույք են և Թուրքիայի տնտեսությունը մեղմ ասած սկսել է չհասնել դրանց հետևից: Հետևաբար, այդ ամենի համատեքստում պետք չէ գերագնահատել թուրքական կապիտալի էքսպանսիոն ուժը: Իհարկե, կասկած չկա, որ հայ-թուրքական հարաբերությունն էլ պետք չէ կարգավորել կամ կառուցել թուրքական պայմաններով:
Այդ հարաբերությունը պետք է կառուցվի փոխադարձաբար առանց նախապայմանի տրամաբանությամբ: Սա իհարկե արդեն քաղաքական ասպեկտի նուրբ և խրթին հարցերն են, սակայն տնտեսական խուճապի կամ տագնապի գեներացումը զգալիորեն անհամարժեք է, որովհետև մեղմ ասած միայն թուրքական կապիտալը չէ, և գուցե առաջին հերթին ամենևին էլ թուրքական կապիտալը չէ, որ սպասում է Կովկասի հիմնարար կայունության: Հետևաբար ո՞վ ասաց, որ Հայաստան ավելի ուժգին չեն հոսի արաբական, չինական, արևմտյան ներդրումները: Եվ դեռ պետք է հասկանալ, թե այդ դեպքում ինչպիսին պետք է լինի Հայաստանի կարգավորիչ քաղաքականությունը: Եվ, ի վերջո, պետք չէ թերագնահատել հայկական գործարար միջավայրի մտավոր մրցունակությունը, որ բավականին տպավորիչ արդյունք է արձանագրել անգամ շրջափակման և պատերազմի պայմաններում, ու կարող է էապես բարձրացնել իր արդյունավետությունը ավելի բաց և կայուն ասպարեզում: