• Вт. Сен 21st, 2021

Ինչ ընթացք կստանա քննությունը և ինչ դատավճիռ կլինի

Автор:http://Mitk.am

Сен 7, 2021

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանին ձերբակալելու մասին: Նրան ներկայացվել է մեղադրանք՝ 190 միլիոն դրամ կաշառք ստանալու, 800 միլիոն դրամի յուրացում կատարելու, պաշտոնավարման ընթացքում փաստացի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Ինչ խափանման միջոց կընտրվի նախկին գլխավոր դատախազի համար, կորոշի դատարանը:

Ինչ ընթացք կստանա քննությունը և ինչ դատավճիռ կլինի այդ գործով, պարզ կլինի ժամանակի ընթացքում: Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեծ հաշվով չկան դատավճիռներ, որոնք կապված կլինեն նախկին կառավարող համակարգի կոռուպցիոն երևույթների հետ և հաստատած կլինեն դրանց՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը:

Կան իհարկե այսպես ասած փախուստի մեջ, կամ Ռուսաստանում ապաստանած նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց այդ քայլով կարծես թե կամա, թե ակամա հաստատել են մեղադրանքը, սակայն ընդհանուր առմամբ ակնառու է որևէ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ դատավճռի բացակայությունը: Այդ ամենով, և որևէ պաշտոնյայի անմեղության կանխավարկածով հանդերձ, ակնառու է, որ Հայաստանը ավելի քան քառորդ դար ապրել է հանրային և պետական ռեսուրսի մսխման, չարաշահման, կոռուպցիոն ամենաբազմազան սխեմաների միջոցով երկրի պետական ինստիտուտների և դիմադրունակության քայքայման ռեժիմում:

Եվ ամբողջ խնդիրը նաև այն է, որ մարդիկ, ուժեր, որոնք այդ ամենի համար կրել են քաղաքական և վարչական պատասխանատվություն, այսինքն՝ որոնց քաղաքական իշխանության ժամանակաշրջանում է տեղի ունեցել այդ ամենն ու սկսվել Հայաստանի ինստիտուցիոնալ քայքայումն ու պետական ցուցանակների ներքո ընդամենը քվազիպետական, կոտուպցիոն սխեմաների բարգավաճումը, ներկայումս փորձում են ներկայանալ հանրությանը պետականության փրկչի կերպարանքով, ձգտելով քաղաքական ռևանշի և թերևս այն սխեմաների վերականգնման, որոնք ապահովում էին և գուցե որոշակի իմաստով անգամ առ այսօր են ապահովում անպատժելիությունը՝ առնվազն դատական համակարգի միջոցով, և ապահովում են անձնական հարստության շարունակվող աճը:
Միևնույն ժամանակ սակայն, հարկ է թերևս նկատել, որ քայքայելով ամեն ինչ, այդ համակարգը անզոր է եղել քայքայել հանրային գիտակցությունը և Հայաստանում իրերն ու երևույթները, պատճառահետևանքային շղթաները գնահատելու կարողությունը, ինչը խոշոր հաշվով պահել ու պահում է Հայաստանը, բայց ավելի ու ավելի դժվար, որովհետև պետությունների ռազմավարական անվտանգությունը ինստիտուցիոնալիզմն ու արժեհամակարգն է, առանց որի հանրային գիտակցությունն ինքը կարող է լինել սպառնալիքի տակ՝ հատկապես տեղեկատվական քաոսի դարում: