• Вт. Сен 21st, 2021

Հայաստանը կարող է հետաքրքիր «երկխոսության» հարթակ դիտվել Փարիզի և Թեհրանի համար

Տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև ռեգիոնալ լայն նշանակության հարցեր: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ ընթացքը սկսել Ֆրանսիայի հետ հարաբերությունից:

Երկու նախագահները խոսել են գործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին, իհարկե քննարկելով նաև Իրանի միջուկային գործարքի հարցը: Իրան-Ֆրանսիա հնարավոր հետաքրքրության մասին առիթ եմ ունեցել խոսել դեռ տարիներ առաջ, այդ հանգամանքը դիտարկելով որպես Իրան-Արևմուտք հարաբերության կարգավորման դիտարկվող «գծերից» մեկը, այն պարագայում, երբ ուղիղ Իրան-ԱՄՆ հարաբերությունը ունի հավելյալ բարդություններ:

Իհարկե Ֆրանսիան այս դեպքում չի կարելի դիտարկել լոկ «պրովայդերի» կամ «տարանցիկ» դերակատարի տրամաբանությամբ: Փարիզը ունի անշուշտ իր առանձին ռազմավարական, ինքնուրույն հետաքրքրություններն ու դրան ուղղված քաղաքականությունը, սակայն հատկանշական է, որ ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումից ի վեր կա Վաշինգտոն-Փարիզ առավել արդյունավետ և ինտենսիվ, առավել ներդաշնակ տպավորություն թողնող երկխոսություն և Ֆրանսիան իր ռազմավարությամբ հանդերձ, միևնույն ժամանակ շատ հարցերում կարող է լինել Նահանգների ռազմավարական դերը փոխարինող: Մասնավորապես, այդ միտումները նկատվեցին նաև իրաքյան ուղղությամբ, որտեղ պաշտոնական Բաղդադը նկատելիորեն Վաշինգտոնի հետ համաձայնեցված նախաձեռնեց ռեգիոնալ անվտանգային ձևաչափ, ինչին աշխույժ մասնակցում է Ֆրանսիան: Այդ համատեքստում է նաև շատ ուշագրավ Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, քանի որ այն տեղի է ունենում Բաղդադում կայացած անվտանգային ռեգիոնալ Վեհաժողովից օրեր անց: Այդ Վեհաժողովին հրավիրվել էին նաև Իրանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը: Եվ առաջիններից մեկն ու բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր Ֆրանսիան, որը փաստորեն բացառիկ տերությունն էր, որ չլինելով անմիջականորեն ռեգիոնից, մասնակցում էր Վեհաժողովին, այն էլ նախագահի մակարդակով: Այն դեպքում, երբ որոշ երկրներ մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով: Այդ թվում էր նաև Իրանը և հատկանշական է, որ կարճ ժամանակ անց տեղի է ունենում արդեն Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույց:

Այդ միտումները անկասկած բավականին կարևոր կարող են լինել Հայաստանի համար, մասնավորապես Իրան-Ֆրանսիա հարաբերության հեռանկարը: Հայաստանը լավ հարաբերություն ունենալով Իրանի, և ընդհուպ առանձնահատուկ քաղաքական հարաբերություն ունենալով Ֆրանսիայի հետ, կարող է իր հերթին բավականին հետաքրքիր «երկխոսության» հարթակ դիտվել Փարիզի և Թեհրանի համար: Ընդ որում, այդ առումով կարևոր է թերևս դիտարկել նկատառումը, որ Հայաստանը պետք է ինքզինք փորձի ներկայացնել ոչ իբրև զուտ «հարթակ», այլ զուգորդի այդ հանգամանքը Թեհրանի ու Փարիզի համար բովանդակային նախաձեռնողականությամբ: Եվ իհարկե հետաքրքիր ոչ միայն Փարիզի ու Թեհրանի համար: