• Вт. Сен 21st, 2021

Մինսկի խմբի ռուս նոր համանախագահը հուշում է, որ ձևաչափն աշխատելու է, ինչ տրամաբանությամբ

Автор:http://Mitk.am

Сен 7, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը սեպտեմբերի 6-ին այցելել է Երևան և հանդիպում ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է արցախյան հարցին առնչվող լայն շրջանակ: Երևան գալուց առաջ, դեռևս օգոստոսի 30-ին, Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Խովաևը, որը փոխարինել է Իգոր Պոպովին, այցելել էր Բաքու:

Բաքվում էլ նա հանդիպել էր այդ երկրի արտգործնախարար Բայրամովի հետ: Խովաևի թե Բաքու, թե Երևան այցերը մեծ հավանականությամբ ճանաչողական են և չեն պարունակում առանձահատուկ քննարկումներ:

Հատկանշական է, որ Հայաստանում հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Խովաևը կարևոր են համարել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի շուտափույթ վերսկսումը: Իհարկե Բաքուն մերժում է այդ վերսկսումը, քանի որ Ադրբեջանի համար անընդունելի է Արցախի կարգավիճակի հարցի շոշափումը: Իսկ առանց դրա՝ ինչը Երևանի պահանջն է, չի կարող լինել խաղաղ գործընթաց: Այդուամենայնիվ, հանգամանքը, որ Ռուսաստանը նշանակել է Մինսկի խմբի նոր համանախագահ, հուշում է, որ ձևաչափն աշխատելու է: Այլ հարց է, թե ինչ տրամաբանությամբ:
Ըստ ամենայնի, առաջիկայի համար խոսք կարող է լինել «էքզիստենցիալ» տրամաբանության մասին, իսկ բուն աշխատանքային գործընթացը կարող է ծավալվել Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ձևաչափում, մասնավորապես ճանապարհների ապաշրջափակման օրակարգի շուրջ: Մինսկի խմբի համանախագահներն ըստ ամենայնի «կոնսենսուս» ունեն այն հարցի շուրջ, որ պնդել խաղաղ բանակցություն այժմ՝ իրատեսական չէ, հետևաբար պետք է պահել ձևաչափը գետնից վեր, որպես հովանի, իսկ գետնի վրա փորձել աշխատել Ռուսաստանի գլխավորած եռակողմ ձևաչափով:
Թերևս ճանաչողականից բացի նաև այստեղ է ռուսաստանցի համանախագահի առաքելության որոշակի մոտիվը կամ տողատակը: Ընդ որում, կա բավականին խորհրդանշականություն նրա այցերի միջև: Խովաևը Բաքվում էր Արարատ Միրզոյանի առաջին մոսկովյան այցի շեմին, որտեղ Հայաստանի նախարարը պետք է հանդիպեր ՌԴ նախարար Լավրովին, և Երևանում ռուս-ադրեջանական հայտնի սկանդալի ֆոնին, որ ծագել է ՌԴ ՊՆ գնումների փաստաթղթում «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձևակերպման առիթով:

Եվ առավել հատկանշական է այն, որ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչը թերևս մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպման կապակցությամբ Բաքվի բողոքի նոտային: Ըստ Ստեփանակերտի տարածած հաղորդագրության, Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: Իհարկե այդ համատեքստում հարկ է թերևս նկատել, կամ հիշել, որ դեռևս նախորդ տարի նոյեմբերի 9-ից հետո ռեգիոն ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների առաջին այցին Արցախի նախագահը ժամանած լինելով Երևան, այդուհանդերձ հրաժարվել էր նրանց հետ հանդիպումից, բավականին տարօրինակ պատճառաբանությամբ՝ թե նրանք ամբողջ կազմով չեն:Բանն այն է,որ ըստ պաշտոնական վարկածի՝ քովիդի պատճառով բացակայում էր ռուսաստանցի համանախագահը:

Ինչ խոսք, իրավիճակը ներկայումս և այդ ժամանակի համեմատ զգալիորեն տարբեր է, թեկուզ և օրինակ Հայաստանում ու Արցախում ներքին վիճակի տեսանկյունից, ինչը իր ազդեցությունն էր թողնում Երևանի ու Ստեփանակերտի վարքագծի վրա: Միաժամանակ, այսօր էապես տարբեր է նաև իրավիճակը արտաքին շրջանակում, ինչի մասին դիտարկեցինք ավելի վերևում:
Ներկայումս առկա է Մինսկի խմբի համանախագահ եռյակի որոշակի կոմունիկացիա՝ ի տարբերություն հետնոյեմբերյան իրադրության, երբ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան խոսում էին Ռուսաստանին հարցեր ունենալու մասին: Ներկայում այդ կոմունիկացիայի առկայությամբ էլ թերևս պայմանավորված է այն, որ ռուսաստանցի նոր համանախագահը դրսևորում է «ճանաչողական» ակտիվություն: Միաժամանակ, քննարկվել է նաև համանախագահ եռյակի ռեգիոն կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցերի շրջանակ: