• Вт. Сен 21st, 2021

Դա իր համար ի՞նչ գումար է որ: Նրա հարստության մասին հեքիաթային բաներ են պատմում

Автор:http://Mitk.am

Сен 8, 2021

Երեկ ձերբակալվել է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար», ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ ինքը կարծում էր, որ Աղվան Հովսեփյանը չի ձերբակալվի, որի ժամանակ ահավոր անմարդկային մեղադրանքներ էին առաջադրվում, դրանք դատարաններում ամեն ձևով պաշտպանում էին: «Բայց ես ամենից շատ Մարտի 1-ը կհիշատակեի: Շատ լավ եմ հիշում, թե ինչքան էի զանգում դատախազություն, տեսնելու, թե տուժող ճանաչե՞լ են սպանվածների իրավահաջորդներին, որովհետև տևական ժամանակ չէին ճանաչում: Դա ահավոր տառապանք էր պատճառում մարդկանց, սպանվածների հարազատներին: Շատ բան կարող եմ  հիշել: Աղվան Հովսեփյանին չէր կարելի անպատիժ թողնել, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին: Նա պարզապես Ռոբերտ Քոչարյանի վկան է: Այդ տառապանքները, այդ հոգեկան ծանր ապրումները, որ պատճառվել է մարդկանց, հարազատներին, ժողովրդին, չպետք է անպատիժ մնա: Այդ մարդը չի իրականացրել արդարադատություն, հակառակը, միայն ապօրինի մեղադրանքներ, քաղաքական մեղադրանքներ, հետապնդումներ եր եղել: Դրանք շատ մեծ հետք են թողել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մեկ միլիարդ դրամի հասնող խոշոր չարաշահում թույլ տալու մեղադրանքնով, Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Դա իր համար ի՞նչ գումար է որ: Նրա հարստության մասին հեքիաթային բաներ են պատմում: Գիտեք, որ հայտնի նկարիչների ստեղծագործությունների շատ մեծ կոլեկցիա ունի: Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կարողությանը մոտ կարողություն պետք է ունենա»:

Ինչ վերաբերում է նրան, որ դատախազությունում և մյուս իրավապահ մարմիններում Աղվան Հովսեփյանի մարդիկ դեռ մնացել են և այս գործն էլ նախորդների պես անհետևանք կմնա, և նա չի կրի պատասխանատվություն ամբողջ ծավալով, իրավապաշտպանն արձագանքեց. «Դրա ողջ պատասխանատվությունը կրում է գլխավոր դատախազությունը: Ինչպես ասենք, Ռոբերտ Քոչարյանի դեպքում ինքը չկրեց այդ պատասխանատվությունը: Երբ նրան ազատ արձակեցին, առնվազն գլխավոր դատախազը պետք է հրաժարական տար, քանի որ այդ մեղադրանքն իրենք էին առաջադրել, բայց չտվեց: Եթե ձախողվի նաև այս մեղադրանքը, պատասխանատվությունը կրելու է գլխավոր դատախազությունը: Ուրեմն նրանք հաջողացնում են խեղճուկրակների վրա իրենց մեղադրանքները տարածել, բայց նրանք, որոնք իրապես արժանի են պատժի, որոնք մեր երկրի վարկանիշի հետ են խաղում, մեր արդարադատությունն են ոտքի տակ տալիս, այդ մարդկանց չեն կարողանում պատժել: Էլ չեմ ասում, որ կոնկրետ մարդկանց են զրկել կյանքից, տառապանք պատճառել: Գլխավոր դատախազությունն է պատասխանատուն առաջադրված մեղադրանքի և հետևողական լինելու, որ դա տեղ հասնի: Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունն այդքան ինքնասիրություն կունենա այս մեղադրանքը տեղ հասցնելու համար: Սա, կարծում եմ՝ կապված է նաև երկրի քաղաքական իշխանության վարքագծից: Եթե նրանք հանդուրժեցին, որ դատախազությունը ձախողեր այդ մեղադրանքը և ոչ մի փոփոխություն չեղավ դատախազությունում, ուրեմն նրանք էլ են պատասխանատու»: