• Вт. Сен 21st, 2021

Մոսկվան չի կարող խոսել, կամ թույլ տալ մտածել, որ անհանգստացած է այդպիսի հեռանկարով

Автор:http://Mitk.am

Сен 8, 2021

Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ խոսակցության, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերջին շրջանում բավականին արդիական դարձած թեմայի մասին:

Հատկանշական է այն, որ Փաշինյանը խոսելով Հայաստանի պատրաստակամության մասին, նաև շոշափել է հայ-թուրքական հնարավոր գործընթացով, հարաբերության կարգավորման հեռանկարով շահագրգռված ուժային կենտրոնների շրջանակը՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան: Այդ հանգամանքը թերևս ունի տրամադրություն շոշափելու միտում, այն իմաստով, որ արտահայտելով իր պատրաստակամությունը, Երևանը թերևս փորձում է հասկանալ, թե իրենց հերթին ինչ պատրաստակամություն կարտահայտեն այդ կենտրոնները, այդ երկրները՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորման նոր փորձի հնարավորությանը նպաստելու առումով:

Ռուսաստանից արձագանք հնչել է իհարկե մինչ այդ և ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-թուրքական կարգավորմանը: Լավրովը հայտարարեց անգամ, որ պատերազմից հետո դրա պատեհ ժամանակն է: Իհարկե այդ հայտարարությունը թերևս պետք է ընդունել կամ դիտարկել իր հարաբերականության մեջ:

Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերության հարցում մի շարք պատճառներով գերզգայուն սուբյեկտ է: Միաժամանակ, Մոսկվան չի կարող խոսել, կամ թույլ տալ մտածել, որ անհանգստացած է այդպիսի հեռանկարով: Սակայն, հայտարարելով, որ պատրաստ է օգնել, անշուշտ նկատի չունի անմիջական և իրական օժանդակություն: Մոսկվան ընդամենն արձանագրեց թերևս, որ թույլ չի տա հայ-թուրքական գործընթաց առանց իրեն, իր շահերի և հետաքրքրությունների շրջանցումով:
Առայժմ կարծես թե Էրդողանի և Փաշինյանի հայտարարություններին նշանակալի, կոնկրետ առումով չի արձագանքել Միացյալ Նահանգները, նաև մյուս կենտրոնները, որոնց թվարկել է Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ, այստեղ «մեխը» թերևս այն է, որ հայ-թուրքական գործընթացը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե լինի այսպես ասած կողմնակի աջակցության տեսանկյունից «դիվերսիֆիկացված»: Համենայնդեպս, դա Հայաստանի համար կարևոր միջավայր է, այլապես հայ-թուրքական գործընթացը լոկ ռուսական «միջնորդությամբ» կամ կողմնակի աջակցությամբ դե ֆակտո լինելու է ընդամենը ռուս-թուրքական գործընթացի մի «մոդիֆիկացիա», առանց ներկայիս իրադրությունից հիմնարար տարբերության: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ միանան նաև այլ ուժային կենտրոններ, ինչի յուրօրինակ կոչ էր Փաշինյանի հայտարարությունը: