• Вт. Сен 21st, 2021

ԱՄՆ այլևս չի՞ հավատում, թե հնարավոր է հայ-թուրքական կարգավորման առողջ, արդյունավետ գործընթաց

Автор:http://Mitk.am

Сен 10, 2021

Հայ-թուրքական հարաբերության թեմայի վերաբերյալ Երևանից ու Անկարայից հնչած հայտարարություններին կարծես թե առայժմ արձագանքել է միայն Մոսկվան:

Հետաքրքիր է Վաշինգտոնի լռությունը, որը սովորաբար մշտապես եղել է այս թեմայի ջատագով և ինքն է պարբերաբար խոսել հայ-թուրքական հարաբերության կարգավորման անհրաժեշտության մասին, կողմերին այդ հարցում խրախուսելու մասին: Փոխվե՞լ է արդյոք Վաշինգտոնի մոտեցումն այդ հարցում, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների հայտնի պատմությունից հետո, ձախողված պատմությունից հետո:

ԱՄՆ այլևս չի՞ հավատում, թե հնարավոր է հայ-թուրքական կարգավորման առողջ, արդյունավետ գործընթաց, թե՞ Վաշինգտոնը այդ հարցն էլ թողել է ռուս-թուրքական ձևաչափի շրջանակում, ինչպես գործնականում Կովկասը ամբողջությամբ, իրեն վերապահելով ավելի լայն հեռակառավարման խնդիրը: Համենայնդեպս, Նահանգներից առայժմ եղած լռությունը հատկանշական է, թեև չի բացառվում, որ այն ունենա նաև տրամագծորեն հակառակ իմաստ կամ տողատակ: Այսինքն, իմաստ չունի խոսել, այլ պետք է գործել, և, եթե կա որոշակի գործ, ապա խոսքերը դառնում են ավելորդ: Սրա մասին էլ հնարավոր է միայն անել ենթադրություններ, այնքանով, որքանով հնարավոր է որևէ գործի արգասիք դիտարկել ընդամենը Թուրքիայից ու Երևանից հնչած մի քանի հայտարարությունը:

Մյուս կողմից, այդ հայտարարությունները ինքնին հնարավոր է որոշակի դիվանագիտական-քաղաքական աշխատանքի արդյունք են և պատահական չէ, որ անմիջապես, և առայժմ միակ արձագանքողը Ռուսաստանն էր, հայտարարելով, որ ուշադիր հետևում է և պատրաստ է աջակցել: Այդպիսով, Մոսկվան հիշեցնում էր իր մասին: Ռացիոնալ չէ մտածել, թե հնարավոր է առանց Մոսկվայի: Բայց, մյուս կողմից, իսկ Մոսկվայի հետ հնարավո՞ր է աշխատել հայ-թուրքական հարաբերության կարգավորման արդյունավետ գործընթացի ուղղությամբ, եթե դրա արդյունավետությունը չի կարող բխել Մոսկվայի շահից:

Բանն այն է, որ՝ արդյունավետ գործընթաց ասելով պետք է նկատի ունենալ առանց նախապայմանների գործընթաց: Իսկ առանց նախապայմանի գործընթաց, կնշանակի Ռուսաստանի՝ խաղից դուրս մնալու ռիսկ, ընդ որում ռեգիոնալ խաղից: Իսկ այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք Թուրքիան ինքը ունի այդպիսի շահագրգռություն կամ կգնա դրան՝ Ռուսաստանը խաղից դուրս թողնելու: Այո, եթե կունենա երաշխիք, որ Կովկասում չի հայտնվի նոր խաղացող՝ իրենից բացի: Ո՞վ կարող է տալ Թուրքիային այդպիսի երաշխիք: