• Вт. Сен 21st, 2021

ԱՄՆ-ը ու Ֆրանսիան Արցախի վերաբերյալ էլ հարցեր չունե՞ն Ռուսաստանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի ռեգիոնալ այցը, մասնավորապես սեպտեմբերի 6-ին նրա երևանյան հանդիպումները՝ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի, ինչպես նաև Արցախի նախագահի հետ, վերստին աշխուժացրել են Մինսկի խմբի համանախագահության հեռանկարի շուրջ խոսակցությունները:

Ռուսաստանցի համանախագահի ռեգիոնալ այցի ընթացքում հայտնի դարձավ նաև, որ առաջիկայում սպասվում է համանախագահների ռեգիոնալ այց: Ժամկետների մասին սակայն դեռ խոսք չկա: Դրանք թերևս կախված են այն հանգամանքից, թե ինչ կպայմանավորվեն համանախագահ երկրները միմյանց միջև: Իսկ այդ հարցն էլ իր հերթին թերևս պայմանավորված է ավելի լայն հարցերի շրջանակով, այդ թվում և այն իրադարձությունների, որոնք ծավալվում են այսօր կենտրոնասիական, միջինասիական՝ աֆղանական խնդրի շուրջ:

Կասկած լինել չի կարող, որ երեք համանախագահների համար էլ Կովկասը այդ մեծ շրջանակի մի օղակ է, ըստ այդմ հավանականություն կա, որ այդ օղակի վերաբերյալ որոշումները կարող են ենթակա լինել մյուս օղակներում կախված խնդիրներից: Այդ ամենով հանդերձ, նկատելի է, որ կա համանախագահության հեռանկարի շուրջ ամերիկա-ֆրանս-ռուսական տարբեր մակարդակների դիվանագիտական-քաղաքական քննարկում: Անցնող շաբաթներին և ամիսներին մենք դարձել ենք մի շարք դրվագների ականատես, որոնք վկայում են քննարկման մասին: Թե հատկապես ինչ ընթացք ու բովանդակություն, ինչ շեշտադրումներ կան այդ քննարկումներում, սա է հարցը: Օրինակ, կարող ենք արձանագրել մի հետաքրքիր դրվագ:

Նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում ամերիկացի և ֆրանսիացի դիվանագետները, պաշտոնյաները բավականին հաճախ էին խոսում այն մասին, որ Ռուսաստանին հարցեր ունեն թե եռակողմ հայտարարության, թե Թուրքիայի դերի հետ կապված: Սակայն, թերևս նկատելի է, որ վերջին ամիսներին ԱՄՆ կամ Ֆրանսիայի պաշտոնյաներն ու քաղաքական դեմքերը չեն անում այդպիսի հայտարարություններ: Նշանակո՞ւմ է դա, որ հարցերը հնչել են, հնչել են պատասխանները և հենց դրա հիման վրա է ծավալվում համանախագահության ձևաչափի շուրջ քննարկումների գործընթաց, ինչը կարող է նշանակել, որ Ռուսաստանի պատասխանները բավարարել են Վաշինգտոնին ու Փարիզին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն իր հերթին ունի թերևս ռազմավարական խնդիր, մասնավորապես, Մոսկվան լավ է պատկերացնում, որ Արցախում իր ռազմական ներկայության ապահովման հարցը լուծելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այնտեղ մնալու միջազգային լեգիտիմությունը կարող է ապահովել միայն ԱՄՆ հետ աշխատանքով:

Իսկ Ռուսաստանի համար առանցքային հարցն անշուշտ հենց դա է, ոչ թե, օրինակ Ադրբեջանի ստորագրությունը՝ խաղաղապահների մանդատի մասով: Ի վերջո, այդ ստորագրությունն ինքնին կախված կարող է լինել հենց մյուս համանախագահների մոտ լեգիտիմությունից: Սրան զուգահեռ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու տարբեր ձևաչափերով, համանախագահության ձևաչափն այդուհանդերձ մի հարթակ է, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի հանդեպ ունի նկատելի առավելություն՝ համանախագահի կարգավիճակ ունենալով, ըստ այդմ Մոսկվան առնվազն ունի այդ ձևաչափը պահպանելու, ընդ որում որոշակի գործունակ մակարդակում պահպանելու մոտիվացիա: Դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատող Մոսկվան դադարելու է աշխատել Անկարայի և Բաքվի հետ:

Այդուհանդեձ, Հայաստանի համար մասնավորապես  պատկերն այդտեղ մի բան է, երբ կա աշխատանք նաև համանախագահների ուղղությամբ, նրանց հետ, և բոլորովին այլ բան, երբ աշխատանքը միայն մեկ՝ ռուս-թուրքական ուղղության վրա է: Դա էլ իր հերթին ինքնաբերաբար չի նշանակում, որ Մինսկի խմբի ձևաչափը հայկական օրակարգի հանգրվան կամ գեներատոր է: Ի վերջո, պետք է նկատել, որ համենայն դեպս համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը պարունակել է առաջարկ կողմերին, որպեսզի յուրաքանչյուրն իր օրակարգով ու առաջնահերթությամբ գա և նստի սեղանի շուրջ ուղիղ քննարկումների: Այլ կերպ ասած, Մինսկի խմբի ձևաչափը Հայաստանի համար ընդամենը մրցասպարեզ է, որտեղ հնարավորությունները նկատելիորեն ավելի մեծ են, քան ռուս-թուրքական «մենաշնորհի» պարագայում: