• Вт. Сен 21st, 2021

Ռուսաստանը, և Թուրքիան շահագրգռված են մի բանում, որ ստեղծեն ձևաչափեր, որը դուրս կթողնի Արևմուտքին տարածաշրջանից

Автор:http://Mitk.am

Сен 11, 2021

Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ այսօր, երբ պատերազմն ավարտված է Լեռնային Ղարաբաղում, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար, «տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը»:

Հատկանշական է, որ Լավրովը խոսել է 2009-ի հայ-թուրքական ձախողված արձանագրությունների մասին՝ նկատելով, որ հիմա ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակն այլ է և Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:

Այս առնչությամբ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն նշեց. «Ցանկացած հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերություններն են տրամաբանական, քան առճակատման հարաբերությունները: Այդ իմաստով կարելի է ասել, որ տրամաբանություն կա Լավրովի այդ ասածի մեջ:

Բայց պետք է հասկանալ, որ այդ ամենը նաև ունի որոշակի աշխարհաքաղաքական բազա, որը հետևյալն է. ի վերջո, և Ռուսաստանը, և Թուրքիան շահագրգռված են մի բանում, որ ստեղծեն ձևաչափեր, որը դուրս կթողնի Արևմուտքին տարածաշրջանից: Այդ իմաստով Էրդողանի 3+3 գաղափարը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Իհարկե, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե  սա է հնարավորություն տալիս, որ Հայաստանը և Թուրքիան առանց նախապայմանների կանխատեսելի հարաբերություններ հաստատեն իրար հետ, ապա ես կարծում եմ, որ այդ  գործընթացը որոշակի շարունակականություն կունենա»:

Հարցին, թե Ռուսաստանի այս  շահագրգռությունն այս հարցում ինչով է պայմանավորված, նա արձագանքեց. «Այո, Ռուսաստանն էլ այստեղ իր շահն ունի: Ռուսաստանն ի վերջո, մուտք է գործել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով և այնտեղ ցանկացած քանակի զորք կարող է տեղադրել՝ անունը դնելով, որ դա Հայաստանի և ՀԱՊԿ անվտանգության հարց է: Հետևաբար, հայ-թուրքական սահմանին Ռուսաստանի զորքերի գտնվելու քաղաքական արժեքը տրամաբանորեն նվազում է: Հետևաբար Ռուսաստանը տեսնում է, որ լայն հնարավորություններ ունի, որ իր հսկողության տակ պահի հայ-թուրքական գործընթացը»:

Ինչ վերաբերում է 2009-ի ձախողված արձանագրությունների փորձին, Մեհրաբյանն ասաց. «Ձախողված արձանագրությունների փորձը տեղի է ունեցել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանը միանգամայն այլ էին, տարածաշրջանում ստատուս քվոն միանգամայն այլ էր, գիտենք, որ տեղի են ունեցել ուղղակի արմատական փոփոխություններ: Այնպես որ համեմատելու եզրերը շատ քիչ են»:

Նա համոզմունք հայտնեց, որ դեռ շատ վաղաժամ է խոսել հայ-թուրքական սահմանը

բացելու մասին. «Այս պահին խոսք կարող է լինել երկխոսության, խորհրդակցությունների մասին»: