• Вт. Сен 21st, 2021

Մենք չենք վերլուծում և ստուգաբանում հաղթանակներն ու հաջողությունները

Автор:http://Mitk.am

Сен 12, 2021

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի գարնանային շրջափուլի երեք խաղերում տարած անընդմեջ հաղթանակներից ու անսպասելի միանձնյա խմբային առաջատարությունից հետո, Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերյան եռախաղ շրջափուլում արձանագրեց անհաջող արդյունք՝ ընդամենը երկու ոչ ոքի երեք խաղում, երկու միավոր, այն էլ մի ոչ ոքին սեփական հարկի տակ խմբի հետնապահ Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում:

Այս հանգամանքը բուռն քննարկումների է արժանանում Հայաստանի հանրային շրջանակներում, ընդ որում ոչ միայն մոլի երկրպագուական կամ ֆուտբոլասիրական: Ի վերջո, ազգային հավաքականը իր գարնանային շրջափուլի աննախադեպ արդյունքով գրավեց բոլորին, անգամ նվազ ֆուտբոլասերներին: Եվ ավելին, ֆուտբոլը վաղուց դադարել է լինել լոկ խաղ, լոկ մարզաձև՝ ամբողջ աշխարհում: Օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանձն է առնում համոզել ֆրանսիացի հարձակվող Մբապեին, որ նա չլքի Ֆրանսիայի ուժեղագույն Պարի սեն Ժերմեն ակումբը և չտեղափոխվի Ռեալ: Սա ընդամենը ֆուտբոլի ավելի քան մարզաձև լինելու մասին վկայող փոքր դրվագ է: Ըստ այդմ հասկանալի է, որ Հայաստանի ազգային հավաքականի ելույթները,հատկապես աննախադեպ հաջող մեկնարկից հետո, այլևս ավելին են քան ֆուտբոլը: Առավել ևս ծանր պատերազմից նոր դուրս եկած հանրության ու պետության համար: Բայց, աննախադեպ մեկնարկին հաջորդում է ոչ տպավորիչ շարունակություն և հանրային այն ոգևորությունը, որ բռնկվել էր մեկնարկից հետո, վերածվում է ոչ միայն հուսահատության ու հուսալքության, այլ անգամ դրսևորում է ընկճախտի նշաններ:

Եվ դա այն պարագայում, երբ՝ անգամ անհաջող այս եռախաղ փուլից հետո, մեր հավաքականը շարունակում է զբաղեցնել ոչ այնքան հեշտ խմբի երկրորդ հորիզոնականը, պահպանելով աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարի իրական շանս: Բայց, դա հետաքրքրում է ոչ բոլորին, որովհետև իրականությունը չափվում է ոչ թե դրա բաղադրիչների հարաբերակցության վրա հենված ռացիոնալ վերլուծությամբ ու գնահատականով, այլ ընդամենը հաղթանակների թվաբանությամբ, այլ կերպ ասած հաղթանակի առերևույթ դրսևորումով, առանց դրա խորքի ընկալման ու «ստուգաբանման»: Եվ այստեղ արդեն իսկապես գործ ունենք ավելի քան ֆուտբոլի, և թերևս հասարակական-պետական կյանքի մի ամբողջ երեք տասնամյակի առանցքային երևույթներից մեկի հետ, որը թերևս մեր խորքային խնդիրների հիմնական պատճառներից մեկն է:

Մենք չենք վերլուծում և ստուգաբանում հաղթանակներն ու հաջողությունները, մենք չենք փորձում հասկանալ մեր իսկ հաղթանակի «բաղադրությունը», և այդ իսկ պատճառով մեր հասարակական-պետական կյանքը ոչ թե առօրյա սթափ ու ռացիոնալ աշխատանքի, այլ տարբեր աստիճանի հաղթանակների ու պարտությունների իռացիոնալ, զգայական ընկալումների շարան է: Մենք ունենք երևույթների գնահատման խնդիր: Հասկանալի է, որ կան իրողություններ, որոնք առաջացնում են բուռն զգայական, իռացիոնալ բռնկումներ: Բայց հետո պետք է գա կարևորը, այսինքն տեղի ունեցողի ռացիոնալ վերլուծությունը, լինի հաղթանակ, թե պարտություն:

Ընդ որում, առավել կարևոր է հաղթանակի ռացիոնալ վերլուծությունը, հաջողության ռացիոնալ վերլուծությունը, որովհետև հաղթանակներն ունեն բթացնելու, «խաբելու» հատկություն: Որևէ ոլորտում հաղթանակը կարող է դառնալ ծուղակ, եթե ոգևորության բուռն ալիքից հետո չի գալիս վերլուծության սառը առօրյան: Որովհետև, հաղթողի փառքի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ, որևէ մի հաղթանակ չի կերտվում միայն այն կրողի ջանքով, և ունենում է հաղթողից անկախ միջավայրային մի շարք նուրբ գործոններ ու շերտեր:

Եթե հաղթանակը չի վերլուծվում այդ ամբողջությամբ, ապա կարող է վերածվել մեծ ինքնախաբեության: Եվ այդ շարանը ցավոք սկսել է հենց մեր ամենամեծ ու նշանակալի հաղթանակի՝ Արցախի շարժման ու պատերազմի հաղթանակի ոչ ամբողջական ընկալման, դրա «ոչստուգաբանվածության», բավարար, համարժեք մասշտաբով չվերլուծվածության իրողությունից:

Մենք չենք վերլուծել մեր հաղթանակը այն համարժեքությամբ, որը թույլ կտար հասկանալ, թե բացի մեր կամքից ու ջանքից, է՞լ ինչ գործոններով է այն կերտվել: Որովհետև ոչ մի այդպիսի հաղթանակ չի կերտվում միայն այն տանողի շնորհիվ: Այդ մասշտաբի հաղթանակները նաև բազմթիվ մեծ ու փոքր միջավայրային գործոնների համադրման, զուգորդման արդյունք են:

Ըստ այդմ շատ կարևոր է հասկանալ ու գնահատել դրանք, այդ միջավայրի հետագա արդյունավետ մոնիտորինգ իրականացնելու և փոփոխություններին համարժեք արձագանքելու համար: Ֆուտբոլային ներկայիս դրվագը վառ կերպով ընդգծում է մեր հասարակական-պետական ընթացքի այդ լրջագույն, թերևս ճակատագրական բացը, որովհետև, հակառակ դեպքում, պարզ չէ, թե ինչ հանգրվանում կլիներ մեր ֆուտբոլը, բայց թերևս կասկած չկա, որ բոլորովին այլ աստիճանի վրա կլիներ մեր պետականությունը: