• Вт. Сен 21st, 2021

Սյունեցիների գիտակցության հանդեպ քաղաքական մեթոդական ներգործության նպատակադրումը

Автор:http://Mitk.am

Сен 12, 2021

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մի քանի գյուղերում դպրոցներին մեթոդական աջակցություն ցույց տալու նպատակով ներգրավվել են ռուս կամավորներ: Գյուղերում այդ գործընթացը համաձայնեցված է «Ռուսկի դոմ» կազմակերպության հետ:

Ըստ տեղի ուսուցչակազմի, որոնց հետ զրուցել է Հանրային ռադիոն, կամավորները ոչ թե ուսուցիչների են փոխարինելու, այլ աջակցելու են ուսումնական գործընթացին իրենց փորձով, մեթոդաբանությամբ: Առաջին հայացքից չկա արտառոց ոչինչ:

Ավելին, այդօրինակ ծրագրեր իրականացնում են նաև այլ երկրներ: Օրինակ, հայտնի է ԱՄՆ Խաղաղության կորպուսը, որի բազմաթիվ կամավորներ ևս աշխատել են և աշխատում են Հայաստանի տարբեր նահանգներում: Այստեղ կարևորագույն հարցն այն է, թե այդ ամենը որքանով է զերծ լինելու քաղաքական ներգործության որևէ հեռանկարից կամ հեռահար նպատակից:

Այդ հարցը համենայնդեպս առաջացնում են Սյունիքում և դրա շուրջ ծավալված հետպատերազմյան պրոցեսները, և առավել ևս դրանց համատեքստում ներքաղաքական պրոցեսները, որոնք ունեին Սյունիքը այսպես ասած առնվազն բարոյահոգեբանական մակարդակում մնացյալ Հայաստանից «անջատելու» և այդպիսով քաղաքական ռևանշի դիմադրության օջախի վերածելու նպատակ:

Հունիսի 20-ի ընտրությունը սակայն ցույց տվեց, որ այդ փորձը ձախողվել է: Ուժերը, որոնք ձգտում էին իրականացնել այդ ծրագիրը, որոնք հետապնդում էին այդ քաղաքական նպատակը, ընդ որում բոլորովին անթաքույց, անգամ Սյունիքի շրջանակում չունեցան հաջողություն և չկարողացան հաղթել: Մինչդեռ, ներքաղաքական այդ շերտից դուրս թերևս գործում էր «բաժանիր, որ տիրես» ավելի լայն արտաքին քաղաքական ընդգրկում ունեցող եզրույթը: Ահա այստեղ է, որ «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վրա հիմնված գործողության անարդյունավետության,  չիրագործվածության պայմաններում կարող է գործի դրվել «փափուկ ուժը»՝ կամավորական մեթոդաբանական աջակցությունը:

Այն «փափուկ ուժը»,որի մասին թավշյա հեղափոխությունից հետո խոսում էր Հայաստանում նոր դեսպան նշանակված Սերգեյ Կոպիրկինը: Փափուկ ուժ, որի նպատակը թերևս լինելու է կրթական մեթոդաբանության  ներքո, սյունեցիների գիտակցության հանդեպ քաղաքական մեթոդական ներգործության նպատակադրումը: Իհարկե, ինչպես ցույց տվեցին նախորդ ամիսների զարգացումները և հունիսի 20-ը, մեղմ ասած պետք չէ թերագնահատել սյունեցիների սթափ մտածողությունն ու «ճանճերը և կոտլետները» տարբերակելու կարողությունը:

Բայց, բոլոր դեպքերում պետք է թերևս լինել բավականին զգոն ու աչալուրջ, որ կամավորականությունը աշխատի Հայաստանի հանրապետության օգտին, այլ ոչ Հայաստանի հանրապետության դեմ: Այլապես, աջակցության ցանկացած քայլի համար պետք է հայտնել շնորհակալություն, թե ռուսական, թե ամերիկյան, թե որևէ այլ նախաձեռնությամբ ներգրավված կամավորականներին: Հասկանալի է, որ այդ մեխանիզմը ուժային կենտրոնների ձեռքին ազդեցության գործիքներից մեկն է: Սակայն, մի բան է, երբ այն գործի է դրվում պարզապես փոխշահավետ տրամաբանությամբ գործակցություն կառուցելու նպատակադրումով, մեկ այլ բան, եթե գործի է դրվում քաղաքական խառնակչության հեռանկարով:

Իհարկե, բոլորովին պետք չէ բացառել և այն, որ Ռուսաստանը պարզապես որոշել է հետ չմնալ Սյունիքի հանդեպ ԱՄՆ ուշադրությունից և մրցակցել հանրային օգտակարության նախաձեռնություններով: Անշուշտ, ռուսական «ոճի» առումով դա կարծես թե խորթ երևույթ է՝ ստեղծարար մրցակցությունը, սակայն այդուհանդերձ պետք է թերևս պահպանել նաև դրա կանխավարկածը, քանի դեռ չկան հակառակի ապացույցներ:

Այդ դեպքում իհարկե պետք է ողջունել, եթե կա Սյունիքում Հայաստանի համար կարևոր աշխատանքի շուրջ ստեղծարար, խաղաղ մրցակցություն ուժային կենտրոնների միջև՝ Հայաստանի հանրապետության Սահմանադրության, օրենքների և պետական շահի շրջանակում: