• Вт. Сен 21st, 2021

Արցախի կարգավիճակի հարցը գործիք է ավելի մեծ խաղի շրջանակում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրրեյսին լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ անդրադարձել է արցախյան հարցին և նշել, որ հակամարտությունը կարգավորված չէ, որովհետև բաց է Արցախի կարգավիճակի հարցը;

Ըստ նրա, 30 տարվա հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում և պետք է բանակցային լուծում, որի մանդատն ու լեգիտիմությունն ունի Մինսկի խումբը: Միաժամանակ, Լին Թրեյսին նկատել է, որ առայժմ չի հաջողվում կողմերին բերել այդ մանդատի ներքո բանակցության, թեև գործադրվում է ջանք:

Հայաստանի հանրության շրջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ունեցել է մեծ արձագանք, ինչպես կարգավիճակի բաց լինելու մասին որևէ հայտարարություն: Միաժամանակ սակայն, այստեղ կան մի շարք հարցեր, որոնք պետք է օգնեն մեր հանրությանը և նաև քաղաքականություն իրականացնողներին հասկանալ, թե ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ աշխատանքի հարցում:

Բանն այն է, որ կարգավիճակ ասվածը այսպես ասած լայն հասկացություն է՝ մշակութային ինքնավարությունից, մինչև ինքնավարության այլ ձևեր, բայց դարձյալ՝ ոչ լիարժեք անկախ պետականության, այլ Ադրբեջանի կազմում որևէ միավորման տրամաբանությամբ: Այլ կերպ ասած, ըստ էության այն, ինչ եղել է սեղանին հակամարտության կարգավորման ամբողջ քառորդդարյա պատմության ընթացքում: Մինչդեռ պարզ է, որ հայ ժողովրդի համար ինչպես եղել է անընդունելի, այնպես էլ անընդունելի է լինելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ: Իր կազմից դուրս կարգավիճակն էլ անընդունելի է լինելու Բաքվի համար:

Ըստ այդմ, ստացվում է, որ արյունալի և աղետալի պատերազմից հետո էլ խնդիրը ըստ էության «նույն կետում» է, պարզապես արդեն նոր ստատուս-քվոյի պայմաններում: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ պատկերացում ունի համանախագահներից յուրաքանչյուրը, որ խոսում է կարգավիճակի մասին: Եվ ի՞նչ քայլի է պատրաստ, այդ պատկերացման առաջմղման ուղղությամբ:

Այս հարցը բաց է, չունի պատասխան: Հետևաբար, ակնառու է, որ կարգավիճակի մասին խոսակցությունները հայկական կողմի համար լինելով շատ կարևոր և թույլ տալով ունենալ խաղին մասնակցելու դաշտ, այդուհանդերձ չպետք է դառնան ավելորդ հուզականության միջոցով ռացիոնալ գնահատման հնարավորությունից շեղող գործոն: Խաղացող, այլ ոչ խաղացվող լինելու համար հայկական կողմին անհրաժեշտ է կարգավիճակի մասին հայտարարությունները, և ընդհանրապես արցախյան հակամարտության հեռանկարի վերաբերյալ դիտարկումները չափել ոչ թե հուզական հողի վրա, այլ աշխարհաքաղաքական ռազմավարության, որ դավանում են խոշոր խաղացողները:

Արցախի կարգավիճակի հարցը նրանց համար, ընդ որում միանգամայն հասկանալիորեն, գործիք է ավելի մեծ խաղի շրջանակում: Եվ սա իրողություն է, որից պետք է ոչ թե խռովել կամ կառուցել «անարդար աշխարհի» տեսություններ, առավել ևս դավադրապաշտ տեսություններ, այլ որից պետք է մղվել սեփական քաղաքականությունը մշակելիս և դրա ուղղություներն ու նպատակները, դրանց տանող արդյունավետ ճանապարհները և քայլերը սահմանելիս: Իհարկե ամբողջապես տիրապետել այդ ռազմավարությանը, կլինի թերևս անհնար, սակայն խոշոր հաշվով հայկական կողմի համար հենց դրա առավելագույնին հասնելն է խնդիրը, որովհետև հայկական քաղաքականության համար արցախյան հարցում բուն խնդիրը ինչպես եղել, այդպես էլ շարունակում է մնալ աշխարհաքաղաքականությունը, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքականությունը: Ավելին, հենց այդ հարցում է, դժբախտաբար, որ անցնող ավելի քան երկու տասնամյակում Բաքուն առաջ է անցել Երևանից: