• Вт. Сен 21st, 2021

Իրանը չպետք է թույլ տա, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանը ստուգի իր բեռները

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021 ,

Ինչպես երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր նաև, որ

ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, սակայն իրավիճակը շարունակվում է  նաև այսօր։ Լրատվամիջոցները գրում են նաև ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից գումար պահանջելու մասին։

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը մեր լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։ Նա անձամբ է գնացել նշված ճանապարհահատված և զրուցել իրանցի վարորդների հետ։ Վարորդների խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման համար Ադրբեջանի սահմանապահները 30 դոլար են պահանջում, ճանապարհի այդ հատվածով անցնելու համար՝ 130 դոլար, մեծ բեռնատարներից՝ 260 դոլար, իսկ վառելանյութ կամ ավտոյուղեր տեղափոխող բեռնատարներից՝ 500 դոլար։

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ուժերը ստուգում են իրանական բեռնատար ավտոմեքենաները: Ադրբեջանական գերատեսչության պարզաբանման մեջ նշվում է, որ համաձայն Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի՝ «երկիր մտնող և երկրից դուրս եկող իրանական ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են հարկման»: Նշվում է, որ նրանք, մասնավորապես, պարտավոր են վճարել ճանապարհի հարկ, ինչպես նաև պետական հարկ «երկրի տարածքով միջազգային փոխադրումներ կատարելու համար»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ սպասելի էր, որ նման իրավիճակ կարող էր առաջանալ, և, այդ ռիսկերը գնահատելով,  պետք էր քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ։ «Եթե Հայաստանը պաշտոնապես ընդունում է, որ  ճանապարհի այդ հատվածը անցնում է Ադրբեջանի սուվերեն տարածքով, ապա տրամաբանական է, որ մի օր Ադրբեջանը դրա դիմաց փոխհատուցում էր պահանջելու՝ կարևոր չէ, թե որ կողմից՝ Հայաստանի՞ց, թե՞ Իրանից։ Փաստացի այսպիսով Հայաստանը փորձում է միջազգայնորեն ավելի ճանաչելի դարձնել իր իրավունքները ճանապարհի այդ հատվածների նկատմամբ, ինչը ևս կանխատեսելի էր»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում օր առաջ այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը։

Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր արձագանքին, ապա քաղաքագետն ասաց, որ վստահաբար Իրանը կարձագանքի,  որոշակի գործընթացներ կլինեն, բայց խնդրի առաջնային օղակը մենք ենք, առաջնային օբյեկտը մենք ենք, որի նկատմամբ տեղի են ունենում այս գործողությունները, և մարտահրավերներին պատասխանելու առաջին պարտավորությունը Հայաստանի Հանրապետությանն է։  «Իրանից արձագանքներ կլինեն, դրանք վստահաբար կօգնեն Հայաստանին, բայց Հայաստանը չպետք է սպասի Իրանին։ Հայաստանը պետք է արձագանքի, կյանքի կոչի հնարավոր պայմանավորվածությունները թեկուզ Ռուսաստանի միջոցով, բայց հեռանկարային առումով խնդիրը Հայաստանի սուվերեն տարածքի միջով ճանապարհ ունենալն է, որը չհատի այն  սահմանները, որոնք փաստացիորեն, ինչպես հայտարարեց մեր իշխանությունը, Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում»,- ասաց քաղաքագետը։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նկատեց, որ Ադրբեջանն իր գործողություններով ցանկանում է ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի Իրանը Արցախը փաստացի ճանաչի որպես Ադրբեջանի մաս. «Իհարկե, Իրանը դա ընդունում է, բազմիցս շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի առիթով, բայց հիմա նման գործողություններով իրենք ուզում են հասնել նրան, որ, օրինակ, իրանցի վարորդներն իմանան, որ իրենք գնում են ոչ թե Արցախ, այլ գնում են դեպի Ադրբեջան՝ Հայաստանը դիտարկելով որպես տարանցիկ ճանապարհ։ Ադրբեջանն ուզում է, որ Իրանը հաստատի, որ այն տարածքները, որում իրենք գտնվում են արդեն մի քանի ամիս,  փաստացի ադրբեջանական տարածք է»,- ասաց Բեգիջանյանը։

Իրանագետը նկատեց, որ եթե Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցված լիներ, ապա մենք երբեք նման խնդրի առաջ չէինք կանգնի։ «Հայաստանն էլ ստեղծված իրավիճակում իր մեղքն ունի»,- ասաց Բեգիջանյանը։

Մեր դիտարկմանը՝ արդյոք նաև տնտեսական պատճառներ չկա՞ն այս իրավիճակում, և արդյոք Ադրբեջանը չի՞ ցանկանում այսպիսով հասնել նրան, որ Իրանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկի ոչ թե  Հայաստանը, այլ Ադրբեջանը, Բեգիջանյանն ասաց, որ տնտեսական պատճառը շատ փոքր է։ Հիմնական պատճառը քաղաքական է։

Նկատենք, որ իրանական կողմից դեռ որևէ պաշտոնական արձագանք չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն, Բեգիջանյանի խոսքով, Իրանը վերջապես պետք է հստակ կողմնորոշվի իր կենսական շահերի հարցում, քանի որ հակառակ դեպքում պարբերաբար զիջում է իր ազգային անվտանգության շահերը. «Եթե հիմա Իրանը լռի, հանձնվի և թույլ տա, որ Ադրբեջանը ստուգի իր բեռները, դա իր շահի դեմ քայլ է։ Իրանը դրան չպետք է գնա, չպետք է թույլ տա, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանը ստուգի իր բեռները։ Դա չպետք է ընդունենք նաև մենք»,- ասաց իրանագետը։