• Вт. Сен 21st, 2021

Ուժո՞վ է հեռացնելու ադրբեջանցիներին, ինչ է անելու

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

«Հայաստան» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանը հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի կտրել Կապանը: Նա այդ մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն իրավիճակին, որի մասին հայտնել է ԱԱԾ-ն:

Իսկ ԱԱԾ-ն հայտնել է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի այսպես ասած «ադրբեջանական տարածքով» անցնող մի քանի կմ հատվածում ոստիկանական կետ են դրել և ստուգում են իրանական բեռնատարները: Դա տեղի է ունենում ճանապարհը փակելու հայտնի միջադեպից հետո, որն էլ իր հերթին հաջորդել էր իրանական բեռնատարների Արցախ մուտք գործելու կապակցությամբ ադրբեջանական դժգոհությանը, որն արտահայտվել էր ընդհուպ Ալիևի մակարդակով: Այստեղ իհարկե առանցքային հարց է, թե իրանական բեռնատարները ինչո՞վ են մտահոգում Ալիևին, որը դրանց հետ կապված դժգոհությունն արտահայտել էր Ռուսաստանից ունեցած դժգոհության ֆոնին, որ Մոսկվան սպառազինում է Հայաստանին:

Կարողանալո՞ւ է Ալիևը իր ոստիկանական կետի միջոցով «վերահսկել» իրանական բեռնատարների շարժը, եթե այստեղ կարող են լինել բեռնափոխադրումների այլընտրանքային լուծումները: Իրավիճակն իսկապես բավականին հարցեր է առաջացնում, որոնց վերաբերյալ թերևս ոչ միշտ կարող է բարձրաձայնումը լինել հայկական շահի տեսանկյունից օգտակար: Ահա այդ առումով էլ հարց է առաջանում, թե որքա՞ն օգտակար կարող է լինել ընդդիմության կամ որևէ այլ պնդում, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի կտրել Կապանը: Դա պատկերացնելու, այդ վտանգը գնահատելու համար բոլորովին չկա պատգամավոր լինելու կարիք:

Բավական է ընդամենը նայել քարտեզին, հասկանալու համար, որ խնդիրը Հայաստանի համար ռազմավարական նշանակության կոմունիկացիայի այլընտրանքի բացակայությունն է: Այլընտրանք, որի ուղղությամբ, ի դեպ, անցնող ավելի քան երկու տասնամյակի ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել նաև այն ուժը, որի ներկայացուցիչ է պատգամավոր Հակոբյանը: Ընդ որում այն դեպքում, երբ այդ ուժը մյուս կողմից էլ արտաքին տիրույթում բանակցել է այն տարածքները Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, որը իրականություն լինելու դեպքում ստեղծելու էր նույն խնդիրները կամ ռիսկերը: Բայց, այժմ չմտնենք անցյալի տիրույթ, դա այսօր օգտակար աշխատանք չէ: Ներկայումս պետք է մտածել առկա ռիսկերի չեզոքացման ուղղությամբ լուծումների մասին: Ու այստեղ է, որ ստացվում է, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժը ադրբեջանցիներին կամա, թե ակամա «հուշում» է, թե ինչ կարող են անել՝ «ցանկացած պահի կտրել Կապանը», իսկ ահա մեր հանրությանը չի ասում գործնական ոչինչ, թե որն է Հայաստանի համար լուծումը կամ ելքը: Նա իհարկե ասում է, որ ելքը «Նիկոլ Փաշինյանի հեռանալն» է, բայց դա զուտ արմատական ընդդիմադիր ուժի հայտարարություն է, որը քաղաքական կարգավիճակի բերումով հասկանալի է, իսկ իրավիճակի պրակտիկ լուծումների առումով՝ ոչ: Որովհետև, որևէ մեկի համար բարդ չէ պատկերացնել, որ Փաշինյանի հեռանալով, ադրբեջանցիները չեն հեռանալու իրենց տարածք դիտարկվող մի քանի կմ այդ հատվածներից:

Հետևաբար, ընդդիմադիր ուժը պետք է գործնականում հայտնի հանրությանը, թե ինչպես է լուծելու հարցը Փաշինյանի հեռանալուց հետո: Ուժո՞վ է հեռացնելու ադրբեջանցիներին: Այդ դեպքում գուցե խոսվի ա՞յդ մասին, որպեսզի հանրությունն էլ հստակ դիրքավորվի իր վերաբերմունքի առումով: Թե՞ պարզապես շատ արագ կառուցելու է այլընտրանքային ճանապարհը և ադրբեջանցիներին զրկելու է ճանապարհային լծակից: Այդ դեպքում գուցե հրապարակային «դիսկուրսում» շեշտը դրվի այլընտրանքային ճանապարհի շուրջ քննարկմա՞ն վրա, եթե իհարկե մտահոգության բուն առարկան իսկապես Հայաստանի ռազմավարական շահն է, այլ ոչ քաղաքական, կուսակցական, խմբային հետաքրքրությունը: Առավել ևս, որ կառավարությունը արդեն ամիսներ է, ինչ իրականացնում է այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի-Կապան 43 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը: Ըստ այդմ, խոսակցությունը պետք է ծավալել շինարարության արագության շուրջ: Բայց, դա թերևս քաղաքական դիվիդենտի տեսանկյունից այդքան էլ շահեկան խոսակցություն չէ և վերստին կանգնում ենք հայկական քաղաքականության «հավերժական հարցի» առաջ՝ կա՞ն խնդիրներ և իրավիճակներ, երբ ամենաարմատական քաղաքական դիմակայության պարագայում անգամ գոնե այդ կետերում կգերակայի համապետական շահը, թե՞ ամեն ինչ ստորադասվում է մեկ նպատակի՝ որքան վատ, այնքան լավ սկզբունքով: