• Вт. Сен 21st, 2021

Պուտինի նկարով և «Հավերժ Միասին» գրությամբ պաստառ է շրջանառվում, ով է հեղինակը․ Լուսանկար

Автор:http://Mitk.am

Сен 13, 2021

Համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «Հավերժ Միասին» գրությամբ պաստառ է շրջանառվում, որը տեղադրված է Գորիս քաղաքում։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ո՞վ է գովազդային պաստառի հեղինակը, և ինչո՞ւ է որոշել նման պաստառ փակցնել։

Համացանցում տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով կարող է լինել հեղինակը, մի մասը կարծում է, որ սա իշխանությունների ձեռքի գործն է, մյուսներն էլ կարծում են, որ ռուսամետ քաղաքական ուժերն են որոշել այս պաստառով էլ ավելի ամրապնդել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Ակտիվորեն նաև վարկած էր շրջանառվում, որ պաստառի հեղինակը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, որովհետև կուսակցությունը նախկինում փակցրել էր «Հավերժ Ռուսաստանի հետ» գրությամբ պաստառ։ Մենք փորձեցինք կապ հաստատել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հետ, հասկանալու համար, թե կարո՞ղ է՝ սա էլ է իրենց «ձեռքի գործը», պարզվեց, որ կոմկուսը որևէ կապ չունի պաստառի հետ․

«Մենք հայտարարություն կտարածենք, իրենց խնդիրն է, թե համացանցում ինչ են տարածում, համացանցում ամեն ինչ էլ կարող է լինել։ Կոմունիստական կուսակցությունը այդ գովազդային վահանակի հետ որևէ կապ չունի, մենք «Հավերժ Ռուսաստանի հետ» բովանդակությամբ վահանակ էինք դրել, բայց այս պաստառի հետ մեր կուսակցությունը կապ չունի, մենք հանգամանալից կանդրադառնանք այդ հարցին հայտարարության տեսքով»,- պատասխանեց Ղազարյանը։

Նրան հարցրինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ Հայաստանն ու Ռուսաստանը «Հավերժ միասին են» հենց Վլադիմիր Պուտինի հայացքի ներքո և նրա նկարին կից, ինչպե՞ս է վերաբերվում, որ Պուտինն է դարձվել այդ բարեկամության խորհրդանիշը․

«Պատմության մեջ ընդհանրապես Ռուսաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հետ դեռևս հին ժամանակներից սկսած, և կապ չունի, թե ինչ իշխանություն է եղել և ով է եղել այդ իշխանության ղեկավարը, հայ- ռուսական բարեկամությունը 300 տարուց ավել գոյություն ունի»,- պատասխանեց Ղազարյանը։

Կոմունիստական կուսակցությունը՝ գովազդային վահանակի մասին