• Пн. Сен 20th, 2021

Բաքո՞ւն է ի նշան դժգոհության մերժել ընդունել Կոսոբոկովին

Արցախում ռուս խաղաղապահների արդեն նախկին հրամանատար Մուրադովը Բաքվի պաշտպանության նախարար Հասանովին է ներկայացրել խաղաղապահ կոնտինգենտի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Սա հետաքրքիր տեղեկություն է, նախ և առաջ այն առումով, որ Երևանին Կոսոբոկովը ներկայացել էր առաջինը, և անձամբ:

Ընդ որում, այդ հանգամանքը, ինչին ուշադրություն էինք դարձրել մի քանի օր առաջ Կոսոբոկով-Արշակ Կարապետյան հանդիպման մասին մեր անդրադարձում, հարուցել էր Բաքվի դժգոհությունը: Եվ ահա այդ ֆոնին առավել հետաքրքրական է, որ Կոսոբոկովը չի մեկնել Բաքու՝ այնտեղ էլ ներկայանալու համար, այլ դա արել է Ռուստամ Մուրադովը: Բաքո՞ւն է ի նշան դժգոհության մերժել ընդունել Կոսոբոկովին, թե՞ Ռուսաստանն է Բաքվի հանդեպ դեմարշ արել և նրան ներկայացնելու համար Բաքու գործուղել արդեն պաշտոնը թողած Մուրադովին:

Բանն այն է, որ Բաքուն դժգոհություն էր արտահայտել ոչ միայն այն պատճառով, որ Կոսոբոկովը առաջինը ներկայացել էր Երևան: Ադրբեջանի դժգոհության պատճառ էր ընդհանրապես այն, որ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար է նշանակվում գեներալ, որը ղեկավարել է Աբխազիայում ՌԴ ռազմակայանը: Ադրբեջանն այստեղ տեսնում է այսպես ասած «անջատական» ուղերձ, հաշվի առնելով նաև Աբխազիայի ճակատագիրը: Իհարկե դժվար է ասել, թե որքանով է Ռուսաստանը հենց այդ ուղերձը հղում, թեև վերջին շաբաթներին ռուս խաղաղապահների Արցախում գտնվելու վերաբերյալ Ադրբեջանի հասարակական-քաղաքական արձագանքին Մոսկվան գուցե որոշել է պատասխանել հենց այդպես, բայց այդուհանդերձ հատկանշական է, որ խաղաղապահների նոր հրամանատարը առաջինը ժամանում է Երևան, իսկ Բաքու չի ժամանում ընդհանրապես, գոնե առայժմ, այլ նրա փոխարեն գնում է Մուրադովը: Իհարկե բոլոր դեպքերում, անկախ այն հանգամանքից՝ Բաքուն է մերժել Կոսոբոկովին և Մուրադովը գնացել է համոզելու, թե Ռուսաստանն է կոշտ ուղերձ հղել, այդուհանդերձ անկասկած է, որ Կոսոբոկովն ու Ադրբեջանը չեն կարող չաշխատել միասին: Համենայնդեպս, հակառակը կնշանակի, որ իրավիճակը կարող է զարգանալ բավականին կոշտ դիմակայության սցենարով: Դա ներկայումս պետք չէ թե Ռուսաստանին, թե Բաքվին: Բայց, որ խաղաղապահների շուրջ իրադրությունն այսպես, թե այնպես զարգանալու է այդ տրամաբանությամբ, անկասկած է:

Արցախում ռուս խաղաղապահները չեն կարող տևական ժամանակ մնալ ներկայիս հետպատերազմյան ռեժիմում «առկախված»: Ռուսաստանը կամ պետք է փորձի այդ տեղակայումը տեղավորել ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում, այդպիսով ապահովելով միջազգային առնվազն դե ֆակտո լեգիտիմություն՝ առաջին հերթին ԱՄՆ հետ երկխոսության մակարդակում, կամ միջավայրը Ռուսաստանի համար կդառնա ավելի ու ավելի ճնշող, որտեղ պայթյունավտանգ ռիսկերից խուսափելու համար Ռուսաստանն ավելի ու ավելի պետք է հանձնվի Թուրքիայի ու Ադրբեջանի, հավելյալ գուցե անգամ Պակիստանի խնամքին: Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական իրողություններից է այն, որ խաղաղապահների հարցում Բաքվի դժգոհության ալիքը ծավալվում է ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլ նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ զորավարժության ֆոնին, որ տեղի է ունենում Ադրբեջանում: Անկասկած է, որ Մոսկվան Արցախում հայտնվել է երկար ժամանակով մնալու համար: Ամբողջ հարցն այն է, դե ֆակտո ինչ կարգավիճակով՝ սուբյեկտի՞, թե՞ թուրք-ադրբեջանական «տեղապահի»: Բոլոր դեպքերում հայկական կողմի համար ավելի ու ավելի է սրվելու Արցախի միջազգային անվտանգային այլընտրանքի հարցը: