• Вт. Сен 21st, 2021

Ինչ են քննարկել Բաքվում Իրանի դեսպանն ու Հաջիևը

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպել է Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ և քննարկել այն իրավիճակը, որ ադրբեջանցիները ստեղծել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի այսպես ասած «ադրբեջանական հատվածում»՝ իրանական բեռնատարները ստուգելու համար: Ինչպես հայտնի է, իրանցի վարորդները հրաժարվել են վճարել գումար, որ ադրբեջանցիները պահանջում են իբրև թե տարանցիկության դիմաց:

Ինչ են քննարկել Բաքվում Իրանի դեսպանն ու Հաջիևը, պարզ չէ, սակայն հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում Ալիևի աշխատակազմի «արտգործնախարարի» հետ, ոչ թե Ադրբեջանի, ինչը նշանակում է, որ տեղի ունեցողը համակարգվում է ընդհուպ Բաքվի նախագահականի մակարդակում: Դա նշանակում է, որ Իրանի հանդեպ ադրբեջանական գործողությունները շարունակում են այդ մակարդակին համարժեք քաղաքական պահանջներ: Ինչպիսին են դրանք և ինչպիսին է դրանց հանդեպ Թեհրանի վերաբերմունքը: Արդյո՞ք Ադրբեջանը փորձում է տորպեդահարելով Իրան-Հայաստան հաղորդակցությունը, Թեհրանին բերել այն օրակարգի դաշտ, որը Բաքուն ձգտում է առաջ մղել հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» տրամաբանության մեջ:

Միաժամանակ կասկած չկա, որ Ադրբեջանը միայնակ որևէ պարագայում չէր գնա Թեհրանի դեմ այդօրինակ դեմարշի կամ շանտաժի, եթե իհարկե գործ  ունենք այդպիսի նպատակադրման հետ իրականում: Եթե չկա ուղիղ որևէ աջակցություն Թուրքիայից, ապա Բաքուն նվազագույնը ստացել է որոշակի ազդակներ այն առնչությամբ, որ Իրանի դեմ այդօրինակ գործողությունները կարող են լինել «միջազգայնորեն լեգիտիմ»: Սա էլ իր հերթին իհարկե կարող է հարց առաջացնել, թե արդյո՞ք Ադրբեջանի նպատակը ևս ունի այդպիսի «լեգիտիմություն», այսինքն բերել Թեհրանը «զանգեզուրյան միջանցքի» օրակարգի դաշտ: