• Вт. Сен 21st, 2021

Իշխանությունը կամք ունի բացահայտել Հոկտեմբերի 27-ը, բայց առայժմ ռուսների հետ առճակատման չեն գնա

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Գրեթե անհնարինն է արվել «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար։ Այս մասին ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ  հայտարարել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ գործով քննությունը շարունակվում է։ «Գրեթե անհնարինն է արվել «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար»,-նշել է նա։

Խամոյանը հիշեցրեց գործող իշխանության դիրքորոշման մասին, որը հայտարարել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը  դեռ չի բացահայտվել և պետք է կրկնակի հետաքննվի։

«Ես չասացի, որ բոլոր հանցակիցները և պատվիրատուները բացահայտված են։ Ես ընդամենը ասացի, որ ամեն ինչ կարելի է գտնել տվյալ քրեական գործում։ Խնդրում եմ, տվյալ հարցով տարընթերցում չկատարել։ Քննությունը դեռ շարունակվում է»-պարզաբանեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, հոկտեմբերի 27-ի դատավարությունից տուժողի շահերի իրավահաջորդ Լյովա Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իր համար հասկանալի է, թե ինչու  խորհրդարանում այդ հարցը բարձրացվեց․«Հարց տվողները հետևողականորեն ձգտում էին, որ Ջհանգիրյանը հայտարարեր, թե  Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։ Նրանք դա էին ուզում լսել։ Արդեն երկրորդ օրն է, որ նրանք տարբեր հարցերի շուրջ այսպիսի քննարկումներ են ծավալում։ Ուզում էին նաև, որ  այս ու Քոչարյանի օրոք անցկացված ընտրությունների միջև զուգահեռներ անցկացվեին։ Հետո էլ  փորձ արվեց կասկածանքներ մտցնել Հոկտեմբերի 27-ի գործով։ Հարցը պատահական չէր ընտրված։ Իսկ Ջհանգիրյանի պատասխանը զուտ իրավաբանական էր։ Նա իր պատասխանի մեջ նշեց, որ 2004 թվականին քրեական գործը զինդատախազության հսկողության տակից վերադարձվել է գլխավոր դատախազություն, որի ղեկավարը Աղվան Հովսեփյանն էր։ Ջհանգիրյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ գործն ամբողջությամբ բացահայտված չէ՝ գոնե կազմակերպիչների ու պատվիրատուների մասով»,-ընդգծեց նա։

Ըստ Եղիազարյանի՝  ընդդիմության նպատակը Քոչարյանին «մաքրելն է», հասարակության մեջ ստեղծել այն տպավորությունը, թե Քոչարյանի ժամանակ ընտրությունները նորմալ են անցկացվել, կոռուպցիա ու սպանություններ չեն եղել։

Լյովա Եղիազարյանը շեշտում է՝ Ջհանգիրյանի պատասխաններն իրավական դաշտից էին, ի պաշտոնե նա այլ բան չէր կարող ասել․ «Բայց ես քանի որ քրեական գործին ծանոթ եմ, կարող եմ ասել, որ քրեական գործում այնպիսի  նյութեր կան, որոնք հստակ մատնանշում են  կազմակերպիչներին կամ գոնե որոշակի հետևությունների առիթ են տալիս»։

Մեր զրուցակիցը հույս ունի, որ այս իշխանությունների օրոք Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, բայց նաև նշում է․ «Դատարանները պետք է մաքրվեն, որպեսզի գործը կարողանա  բացահայտվել։ Եվ երկրորդ էական հանգամանքն այն է, որ սլաքները տանում են դեպի մեր  հյուսիսային բարեկամը։ Իսկ ներկայիս իշխանություններն, անգամ ամենամեծ ցանկության պարագայում մոտ ապագայում որևէ քայլ չեն կարող իրականացնել՝ հասկանալի պատճառներով։ Դա նաև աշխարհաքաղաքական հարց է ՝ կապված Ռուսաստանի հետ։ Հիշեցնեմ հայտնի Լիտվինենկոյի հայտարարությունն առ այն, որ Հոկտեմբերի 27-ը  կատարվել է  ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Ինչքան էլ մեր իշխանություններն ուզենան և  ըստ իս ունեն այդքան կամք, որ գնան գործի բացահայտմանը, առայժմ իմ կարծիքով՝ չեն գնա ռուսների հետ որևէ առճակատման»,-եզրափակեց Եղիազարյանը։