• Вт. Сен 21st, 2021

ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021-ին գնահատվում են սպասվածից ավելի դրական

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները 2021թ-ին ՀՀ կենտրոնական բանկը սպասվածից ավելի դրական է գնահատում։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ այդ ամենը պայմանավորված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճով։

«Համախառն պահանջարկը ևս սպասվածից ավելի արագ տեմպերով է աճում, որին շարունակում են մեծապես նպաստել մասնավոր սպառման բարձր աճը՝ արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը»,- նշեց Գալստյանը։

Նա շեշտեց, որ մասնավոր ներդրումների աճը, չնայած այդ ամենին, պահպանվում է համեմատաբար զսպված։

«Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ մասնավոր սպառման, արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ առաջանցիկ աճը ներկայում նպաստում է ներքին գնաճային միջավայրի ընդլայնմանը», – հավելեց ԿԲ նախագահը։

Գալստյանն ասաց, որ վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն աճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում։

ՀՀ կենտրոնական բանկը երկրում տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման դեպքերի համար ունի բազային սցենարներ։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից Իրանից Հայաստան եկող բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգման հարցին։

«Մենք նայում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ։ Բազային սցենարում որոշակիորեն կան հաշվարկված ռիսկեր, բայց մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք այնտեղ ներառված են՝ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։ Մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները»,- նշեց Գալստյանը։