• Вт. Сен 21st, 2021

Պուտինի «մեկուսացման» մոտիվը

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

ՌԴ նախագահ Պուտինը անցել է ինքնամեկուսացման ռեժիմի, ինչի մասին նա ազդարարել էր նախօրեին՝ ռուսաստանցի պարօլիմպիական մարզիկների պարգևատրման արարողությանը: Պուտինը հայտարարել էր, որ իր շրջապատում կան վարակվածներ և ինքը գուցե անցնի կարանտինային ռեժիմի:

Եվ ահա այսօր հաստատվել է, որ Պուտինը ինքնամեկուսացվել է: Նա առաջիկա օրերին չի մասնակցի առաջիկա օրերին սպասվող Շանհայի գործակցության կազմակերպության, ինչպես նաև ՀԱՊԿ Վեհաժողովներին:

Պուտինի խոսնակը հայտարարել է, որ ՌԴ նախագահը վարակված չէ, սակայն նրա շրջապատում կան վարակակիրներ և դրա համար նա ինքնամեկուսացել է: Առավել հետաքրքիրն այստեղ այն է, որ Պուտինը ինքնամեկուսացել է նախապես ազդարարելով այդ մասին: Նախկինում մամուլն ու փորձագետները ևս արձանագրել էին ասպարեզից նրա տարօրինակ «անհետացման» ժամանակահատվածներ, ինչի մասին սակայն նախապես չէր ազդարարվել որևէ պաշտոնական խողովակով: Եվ ահա, այս անգամ հայտարարվում է, որ կորոնավիրուսի վտանգի պատճառով Պուտինն ինքնամեկուսանում է:

Մյուս հետաքրքիր հանգամանքը՝ նախապես ազդարարելուց բացի այն է, որ Պուտինն ազդարարում և ինքնամեկուսացման է անցնում ՌԴ Պետդումայի ընտրությունից առաջ, երբ մնացել է մի քանի օր: Ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ին: Համաճարակի պատճառով քվեարկությունը կանցկացվի մի քանի օր: Սակայն, մեղմ ասած քիչ չէ հավանականությունը, որ համաճարակը այս դեպքում պատրվակ է, իսկ բուն խնդիրն այն է, որ երկարաձգված քվեարկությունը իշխանությանը կտա ժամանակ և հնարավորություն այսպես ասած անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե քվեարկության պատկերն ու իրավիճակը դուրս գա վերահսկողությունից կամ առաջանա այդպիսի իրական վտանգ:

Իսկ այդ վտանգը իրական է այն պատճառով, որ կառավարող Եդինայա Ռոսիա կուսակցությունը ունի վարկանիշի մեղմ ասած լուրջ խնդիր: Այնքան լուրջ, որ ընտրական ցուցակը գլխավորելու համար մոբիլիզացվել են Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն, եթե իհարկե դա օգնի: Սակայն միայն վարկանիշի հարցը չէ, որ խնդիր է իշխող կուսակցության վերարտադրության համար: Նախ, բավականին լուրջ խնդիր ունի Պուտինի վարկանիշն ինքնին, և բացի այդ, ամենից զգայունը թերևս խնդիրներն են հենց կառավարող համակարգի ներսում, տարբեր թևերի պայքարը, որ կա արդեն տարիներ շարունակ և որը սրվում է մի կողմից ընտրական փուլի, մյուս կողմից տնտեսական բավականին բարդ վիճակի բերումով, որը ՌԴ հանդեպ արևմտյան պատժամիջոցների հետևանք է:

Ահա այդ պայմաններում, երբ բավականին սուր է պայքարը համակարգի ներսում, դրսում ընտրական պրոցեսը կարող է հղի լինել մի շարք անկանխատեսելի զարգացումներով, որոնք գուցե հաջողվի «ծածկել» դրսում, բայց այդ դեպքում թերևս ներսում իրավիճակը էլ ավելի թեժացնելու գնով, այսպես ասած «ներս գցելու» գնով: Ըստ ամենայնի կարող է հենց այդտեղ լինել Պուտինի «մեկուսացման» մոտիվը, թերևս բարդ որոշումներ կայացնելու և իրացնելու նկատառումով: Ի դեպ, գուցե ավելորդ չէ դիտարկել և այն, որ ՌԴ նախագահի անսպասելի մեկուսացումը հաջորդում է Բայդենի հետ նրա երկրորդ հանդիպման մասին մամուլում հայտնված  տեղեկատվությանը, որը ըստ  ոչ պաշտոնական լուրերի կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: