• Вт. Сен 21st, 2021

Փամբակը մեզնից շատ հեռու է, մեզ սահմանակից չի, բնակչության թիվն էլ շատ փոքր է

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ավագանին որոշել է դիմել Ազգային ժողովին՝ հետաձգելու համայնքների խոշորացման գործընթացը, քանի որ իրենք որոշակի առաջարկություներ ունեն այդ գործընթացի հետ կապված:

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է Մարգահովիտը միավորել 14 այլ գյուղերի հետ և խոշորացված համայնքի կենտրոն է դառնում 380 բնակիչ ունեցող Փամբակը, իսկ Մարգավոհիտն ունի 3600 բնակիչ:

Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանը նշեց. «Ես խոշորացմանը դեմ չեմ, եթե կառավարությունն այդպես է հարմար գտնում, ուրեմն պետք է խոշորանա, ուղղակի խնդիրն այն է, որ մեզ ուզում են միացնել Փամբակի խմբին: Բայց Փամբակը մեզնից շատ հեռու է, մեզ սահմանակից չի, բնակչության թիվն էլ շատ փոքր է: Ցանկալի կլիներ, որ այս թևը՝ Ֆիոլետովո, Լերմոնտովո, Մարգահովիտ, Շահումյան, Անտառաշեն, միացնեն իրար, թեկուզ կենտրոնը լինի Ֆիոլետովոն կամ Լերմոնտովոն կամ Շահումյանը:

Պարտադիր չի, որ կենտրոնը մեր գյուղը լինի, որ դուրս չգա, թե մեզ համար եմ ասում: Ուղղակի հարմար է այդպես, այդ գյուղերը Դիլիջան-Վանաձոր մայրուղու վրա են գտնվում:

Իհարկե, խոշորացմանը դեմ չենք, փոքր համայնքներ կան, չեն կարողանում շնչեն, պետք է բարելավեն իրենց վիճակը: Խոշորացմանը բոլորս էլ կողմ ենք, ուղղակի մեզ հարմար է, որ իմ նշած գյուղերը միանան ու մեկ համայնք դառնան»:

Նա հավելեց, որ կառավարության նշած գյուղերը իրարից շատ հեռու են, մի գծի վրա չեն, մարդկանց համար անհասանելի է. «Եթե մարդը մի հարց ունենա, նախ պետք է գնա Վանաձոր, էնտեղից էլ մի քանի տրանսպորտ պետք է փոխի, որ հասնի Փամբակ: Այս պահին ստորագրահավաք ենք կազմակերպել»,-ընդգծեց նա:

Նկատենք սակայն, որ Լերմոնտովոն և Ֆիոլետովոն մոլոկաններով բնակեցված գյուղեր են, իսկ կառավարության ներկայացրած նախագծով ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը չեն խոշորացվելու։