• Вт. Сен 21st, 2021

Ֆրանսիացի համանախագահի երևանյան այցը հատկանշական է

Автор:http://Mitk.am

Сен 14, 2021 ,

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին, որի հետ քննարկել են արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարները:

Ստեֆան Վիսկոնտին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկելով նույն օրակարգը: Ֆրանսիացի համանախագահի այցը ինքնին հետաքրքիր է, սակայն առավել ուշագրավ է դառնում այն հանգամանքի պարագայում, որ հաջորդում է Բաքու և Երևան ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևի այցին:

Ռուսաստանցի համանախագահը օգոստոսի 30-ին Բաքվում էր և հանդիպել է արտգործնախարար Բայրամովի հետ, սեպտեմբերի 6-ին էլ հանդիպումներ է ունեցել Երևանում: Ընդ որում, ռուսաստանցի համանախագահը Երևանում հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ի՞նչ նպատակով է այց կատարել ֆրանսիացի համանախագահը, և արդյո՞ք նա ևս պատրաստվում է լինել Բաքվում, ինչպես նաև հանդիպում ունենալ Արցախի նախագահի կամ արտգործնախարարի հետ: Թե՞ այն դեպքից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս նախորդ տարի դեկտեմբերին հրաժարվեց հանդիպել ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ, նրանք կարող են կորցրած լինել իրենց հետաքրքրությունը Արցախի ղեկավարության հանդեպ: Իհարկե ինքնին այդպիսի հանդիպման բացակայությունը չի կարող լինել հետաքրքրության կորստի միարժեք եզրակացության տեղիք, սակայն անկասկած Արցախի համար էլ կլինի կարևոր ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ հաղորդակցության այսպես ասած վերականգնումը:

Ամբողջ հարցն անշուշտ այն է, թե ինչ օրակարգ է այցերի և քննարկումների շրջանակում,  ինչո՞ւ են տեղի ունենում անհատական այցեր և արդյո՞ք հաջորդիվ պետք է սպասել ամերիկացի համանախագահին: Ռուսաստանցի համանախագահ Խովաևի ռեգիոնալ այցի շրջանակում Երևանում խոսվել էր համանախագահների ռեգիոնալ այցի մասին, որն ըստ այդ խոսակցության, սպասվում է առաջիկայում: Միևնույն ժամանակ, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ավելի լայն հարցերի դիտարկման դե ֆակտո ձևաչափ է, քան միայն դե յուրե արցախյան հարցի հանգամանքը: Առավել ևս, որ արցախյան հարցն ինքնին շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական գործոն է: Ահա այդ համատեքստում, ֆրանսիացի համանախագահի երևանյան այցը հատկանշական է ոչ միայն ռուսաստանցի համանախագահի այցին հաջորդելու հանգամանքով, այլ նաև այն իրավիճակի ֆոնին, որ ստեղծվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին՝ իրանական բեռնափոխադրումների համար:

Ֆրանսիացի համանախագահի այցն այդ իմաստով ուշադրության է արժանի թերևս այն հեռախոսազրույցի ֆոնին, որ սեպտեմբերի 6-ին եղել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Իրանի նախագահ Ռեյիսիի միջև, ֆրանս-իրանական հարաբերության նոր գլուխ բացելու մասին երկուստեք պատրաստակամության վերաբերյալ խոսակցությամբ: Այդ իմաստով հետաքրքիր է, Ֆրանսիացի համանախագահը պլանավորե՞լ էր այց Հայաստան, թե՞ այն շտապ այց է, ստեղծված իրավիճակի արագ արձագանքման տրամաբանությամբ: