• Вт. Сен 21st, 2021

Հին բնակատեղի Հայկական լեռնաշխարհում․ Լուսանկարներ

Մեր ընթեցողներին ենք ներկայացնում հայկական լեռնաշխարհի ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի տասը գյուղերը, դարերի խորքից մեզ հասած, պահպանված պատմամշակութային քաղաքատեղիի, եկեղեցիների, խաչքարերի անցյալն ու ներկան:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղը /ներկայումս Ծաղկահովիտ խոշորացված համայնք/ գտնվում է մարզկենտրոնից 51 կմ հյուսիս-արևմուտք, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին: Հիմնադրվել է 1850 թվականին, Անիի շրջակա գյուղերից եկած բնակիչների կողմից: Նախկինում գյուղը անվանել են Աջիխալիլ, Խալիլ, Հաջի խալիլ, իսկ 1946 թ. վերանվանվել է Ծաղկահովիտ: Որպես հին բնակատեղիի ապացույց է հանդիսանում Ծաղկահովիտ համայնքի հարավ-արևելյան հատվածում գտնվող մ.թ.ա. 3-րդ-1-ին դդ.պահպանված «Կալաչի» ուրարտական քաղաքատեղին: Այստեղ են գտնվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին , «Թուխ Մանուկ» մատուռը 19-20 դդ., ինչպես նաև երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը:

Ծաղկահովիտ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:

Միավորվել են 10 համայնք՝ Ծաղկահովիտ, Նորաշեն, Հնաբերդ, Գեղադիր, Ծիլքար, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Լեռնապար և Գեղարոտ համայնքները՝ Ծաղկահովիտ համայնքային կենտրոնով:

Բերքառատ բնակկավայրը գտնվում է Արագածի տարածաշրջանում, Արագած լեռնազանգվածի արեւմտյան ստորոտում, Արթիկ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Ագուլա, Ախկուլա, Ախուլա, Աղուլա անվանումները: Ունի տուֆի պաշարներ: Գործում են՝դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Բնակչության հիմնական մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից 1915-1920 թթ.: Զբաղվում են անասնաբուծությամբ, դաշտավարությամբ:

Գեղադիր՝ գտնվում է Արագածի տարածաշրջանում մարզկենտրոնից 59 կմ հեռավորության վրա, Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին:: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին անվանումները: Գեղադիր է վերանավանվել 1946 թ-ին: Բնակիչների նախնիները գաղթել են 1828-1829 թթ. Արեւմտյան Հայաստանից ևԿարսի մարզից: Բնակավայրն ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Գեղաձորը գտնվում է Արագածի տարածաշրջանում, մարզկենտրոնից 55 կմ հեռավորության վրա, Գեղաձոր գետակի հովտում: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա Վերին: Գեղաձոր է վերանվանվել 1946 թ-ին: Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից 1915 թ-ին: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են որպես վարելահողեր: Մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ` կաղամբ, կարտոֆիլ, ճակնդեղ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Գեղարոտը գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 15 կմ հարավ, Երեւան-Սպիտակ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները: Գեղարոտ է վերանավանվել 1935 թ-ին: Գյուղի մոտ հայտնաբերվել են հին բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ: Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 218, 1926 թ-ին` 604, 1939 թ-ին` 768, 1979 թ-ին` 482 հայ բնակիչ: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են հիմնականում մանր եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների, խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը:

Լեռնապար բնակավայրը մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, անվանումները։ Լեռնապար է վերանվանվել 1978 թ-ին: Ունի սառնորակ աղբյուրներ: 1831 թ-ին ունեցել է 323, 1897 թ-ին` 577, 1939 թ-ին` 1092, 1959 թ-ին` 644, 1979 թ-ին` 485 բնակիչ: Բնակչության մի մասը եկել է Ախուրյանի շրջանի գյուղերից: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Արդյունաբերություն չունի:

Ծիլքարի մակերեսը կազմում է 14.21կմ ք.: Գյուղը գտնվում է Արագածի տարածաշրջանում, Ապարան-Սպիտակ ավտոխճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները: Ծիլքար է վերանվանվել է 1946 թ-ին: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային եւ կերային կուլտուրաների մշակությամբ

Հնաբերդ՝ Ապարան քաղաքից գտնվում է 15 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա: Նախկինում գյուղն ոնեցել է Գըրգտեկիրմեն, Խնաբերդ, Կիրխդագիրման, Ղըրխդագերման անվանումները: Հնաբերդ է վերանվանվել է 1946 թ-ին: Մինչեւ 1995 թ-ը եղել է ավան: Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Կըրխդայիրման կոչվող հնավայրը, որտեղ պահպանվում են մ.թ.ա. 8-7-րդ դարերի ամրոցի մնացորդներ: Բնակչության նախնիների մեծ մասը եկել է Խոյից, Մուշից եւ Ալաշկերտից Գյուղն ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Նորաշեն ՝մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղուռուդարա անվանումը: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Հիմնականում զարգացած է կաթնամսատու ուղղությունը:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը

Վարդաբլուր գտնվում է Ապարան-Արթիկ ավտոմայրուղուց աջ: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ճանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի անվանումները: Վարդաբլուր է վերանվանվել 1950 թ-ին: Գյուղի տարածքում գտնվում են հին գյուղատեղիներ, սրբատաշ քարերով եկեղեցի: Գյուղի բնակչության մի մասի նախնիները ներգաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի գավառից: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ:

Բնակավայրի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Ծաղկահովիտ համահնքում իրականացվող աշխատանքներն այսoր ղեկավարում է 1956թ. Ծաղկահովիտ գյուղում ծնված Նորաին Հակոբյանը, մանագիտությամբ տնտեսագետ: 2002 թ. մինչև 2012 թ. ընտրվել և վերընտրվել է Ծաղկահովիտի գյուղապետ: 2016թ. ընտրություններից հետո կրկին վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: 2017թ.կայացած համայնքային ընտրություններում միավորվեցին /ներկայացված/ տասը համայնքներ, կենտրոնը՝ Ծաղկահովիտտ, բնակչության կողմից խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Նորաին Հակոբյանը:

Այսօր համայնքում գործում են՝ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, պարի, կարատեի խմբակներ: Երեխաները մասնակցում են համայնքային, մարզային, հանրապետական միջոցառումներին, վերադառնում են նաև մրցանակներով: Համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը կարևորում են՝ ունենալ մարզադպրոց, այդ նպատակով ցանկություն ունեն կինոյի շենքը վերանորոգել և դարձնել մարզադահլիճ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան պարապելու տարբեր մարզաձևերով:

Ամբողջովին վերանորոգված է մանկապարտեզի շենքը: Լուծվել է ջեռուցման խնդիրը, մանկապարտեզ հաճախող երեխաներն իրենց առօրյան անց են կացնում բազմաբովանդակ պարապմունքներով: Ամբողջովին վերանորոգված է նաև դպրոցի տանիքները:

— Պարոն Հակոբյան, խոշորացումից հետո, ի՞նչ աշխատանքներ եք կատարել, որոնք նպաստել են համայնքի զարգացման գործընթացին և բնակչության հոգսի թեթևացմանը, ի՞նչ հիմնախնդիրներ կան, որոնք մտահոգում են:

— Շատ վաղուց զգացվում էր երկու բնակելիների տանիքների վերանորոգման կարիքը: Այս ընթացքում կարողացանք փոխել տանիքները և լուծեցինք մի քանի կմ ջրագծի անցկացման, ինչպես նաև 500մ վերանորոգման հարցերը՝ բնակիչների հոգսը որոշակիորեն թեթևացնելու համար: Համայնքային գումարները հազիվ բավարարեցին այդքան աշխատանքներն իրականացնելու համար: Գրեթե բոլոր գյուղերում կան ջրագծերի ներքին ցանցերի հետ կապված խնդիրներ, որովհետև 50-60-ականներից կառուցված ջրագծեր են: Տասը համայնքների խոշորացումից հետո, գյուղերում առկա խնդիրները պահանջում են հրատապ լուծումներ: Շատ վատ է հատկապես Հնաբերդի դպրոցի վիճակը, այն վթարային շենք է: Միավորված գրեթե բոլոր գյուղերում էլ ճանապարհներն անանցանելի են, միայն Հնաբերդի ճանապարհը հնարավորինս կարգավորվեց: Համայնքներում կուտակված այս բոլոր աշխատանքները մեր ուժերով չենք կարող կատարել և պետք է խնդրենք մեր կառավարությանը, որ հերթական անգամ մեզ աջակցեն:

Մանվել Կիրակոսյան

Արագած լեռան գաղտնիքներն ու առասպելները - Patum.am