• Вт. Сен 21st, 2021

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է երկու իրանցի վարորդի

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Տեղեկությունները հայտնում են տելեգրամյան ալիքները։ 

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։

Ոստիկանությունը նրանց հետ իրականացնում է բացատրական աշխատանքներ և պահանջում է տուգանք վճարել։ Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։ Տեղեկության մասին մանրամասներ փորձեցինք ստանալ Գորիսի փոխքաղաքապետից։ Վերջինս հայտնեց, որ նման տեղեկություն չունի։

«Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում Հայաստանից Իրան գնացող երեք բեռնատարների վարորդներին կանգնեցրել են ադրբեջանցիներն ու ստուգել ավտոմեքենաները»,- ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

Ի պատասխան մեր այն հարցի՝ այդ տեղեկությունն ինչպես է իրեն հասանելի դարձել՝ փոխհամայնքապետն արձագանքեց․ «Հայ վարորդները ահազանգել են Գորիսի համայնքապետարան»։

Կարեն Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից տեղակայված ոստիկանական անցակետում հայ վարորդներից գումար չեն պահանջել, ընդամենը ավտոմեքենաներն են ստուգել, այնուհետև թողել են շարունակել ճանապարահը։ Նա նաև հավելեց, որ մեքենաները դատարկ են եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների, վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Իսկ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը մեզ տեղեկացրել էր, որ իրանցի վարորդի խոսքով՝ ադրբեջանցիները փաստաթղթերի ձևակերպման և ճանապարհի այդ հատվածով անցնելու համար գումար են պահանջում։