• Пн. Сен 20th, 2021

ԱՄՆ դեսպանի կարևոր շեշտադրումը Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ստեղծված իրավիճակի առնչությամբ

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 15-ին հերթական անգամ անդրադարձել է արցախյան հարցին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում: ԱՄՆ դեսպանը կրկնել է օրեր առաջ արտահայտած միտքը, որ ԱՄՆ-ը Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը:

Լին Թրեյսիի, և ընդհանրապես Արցախի կարգավիճակի վերաբերյալ արտերկրի որևէ դիվանագետի հայտարարություն անշուշտ շատ կարևոր է Հայաստանի և Արցախի համար: Ամբողջ հարցն այն է, որ ԱՄՆ դեսպանն ասում է նաև այլ կարևոր բաներ, որոնք թերևս խորքային առումով առավել մեծ ուշադրության կարիք ունեն և ամերիկացի դիվանագետը չի բացառվում նաև հենց Հայաստանի հանրային շրջանակներում այդ ուշադրությունը խթանելու համար է անում դրանք:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ստեղծված իրավիճակի առնչությամբ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, գնահատականին, որ պարբերաբար ծագող լարվածությունները կարող են հանգուցալուծվել միայն «համապարփակ կարգավորման» պարագայում:

Առաջին հայացքից այդ հայտարարությունը միանգամայն հասկանալիորեն ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչի մասին բաց խոսում է ԱՄՆ-ը: Սակայն այստեղ առկա է մեկ այլ հարց: ԱՄՆ դեսպանը իհարկե շատ լավ գիտե, որ պարբերական լարվածություններ առաջացնում է Ադրբեջանը, և անում է դա այդ թվում և կարգավիճակի հարցը այսպես ասած օրակարգից հանելու համար, փորձելով այդ ուղղությամբ ճնշում բանեցնել Հայաստանի վրա: Հետևաբար, մտածել, թե ԱՄՆ դեսպանը կարգավիճակի հարցի լուծումով է դիտարկում լարվածության հանգուցալուծում, կլինի շատ միամիտ: Առավել ևս, որ դիվանագետը անկասկած լավ է պատկերացնում, որ տեսանելի ապագայուն մեղմ ասած իրատեսական չէ կարգավիճակի հարցի լուծում: Ըստ այդմ, շատ կարևոր շեշտադրում անելով, որ կարգավիճակի հարցը բաց է, դեսպան Թրեյսին այդուհանդերձ տալիս է նաև շատ կարևոր մտորումների առիթ՝ ի՞նչ է նշանակում «համապարփակ լուծում», որը պետք է հանգուցալուծի պարբերաբար ծագող լարվածությունը, այն դեպքում, երբ բոլորը լավ գիտեն դրա աղբյուրը՝ Ադրբեջան: Նշանակո՞ւմ է դա, որ «համապարփակ» լուծումը ներառում է ոչ միայն չլուծված կարգավիճակի, այլ նաև ուրիշ հարցեր, որոնք կարող են տեղավորվել Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակում:

Համենայնդեպս, հաջորդ անգամ թերևս հայաստանյան մեդիայի ներկայացուցիչները գուցե փորձեն դեսպան Թրեյսիից հետաքրքրվել «համապարփակ լուծում» հասկացության առնվազն որոշ հանգուցային կետերի մասին, թե, ըստ Միացյալ Նահանգների, ի՞նչ կետեր է ներառում այդ լուծումը՝ կարգավիճակի հարցից բացի, եթե իհարկե ներառում է: