• Вт. Сен 21st, 2021

Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ անցկացվելիք փակ նիստին իշխանությունը ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով, սակայն դեռ պարզ չէ, թե այն երբ կկայանա, ընդդիմությունը դժգոհում է իշխանության որոշումների կայացման արագությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք առաջարկել էինք, որ համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, Դատախազության և ՄԻՊ-ի, գան և ներկայացնեն իրավիճակը և դրանից դուրս գալու իրենց առաջարկությունները: Իշխանություններն ասում են, որ ցանկանում են առաջին դեմքերով ներկայանալ, և համադրման խնդիր կա, տարբեր պատճառներով բացակայողներ կան»,- ասաց Օհանյանը:

Ընդդիմությունն առաջարկել էր սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանից առաջ՝ 14:00-ին հավաքվել, քննարկել: «Բայց այսօր մենք տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա, և իրենք առաջարկում են, որ վերջնական համադրումն իրականացնեն»,- ասաց Օհանյանն ու հավելեց՝ կարծում  է, այսօր չի լինի այդ հանդիպումը:

Թե նիստը երբ կկայանա, նա չգիտի: «Հայաստան» խմբակցության ղեկավարը բողոքեց իշխանության որոշումների ընդունման արագությունից: