• Вт. Сен 21st, 2021

Մենք շատ հաճախ չենք նկատում, թե մեր ձևակերպումներում ինչ սպառնալիքներ ենք ստեղծում մեր երկրի համար

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարցրեց․ «Հիմա ՀՀ-ն առաջնորդվում է Խորհրդային միության սահմաններո՞վ, թե՞ ոչ»։

Նա մեջբերեց պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությունը, որ Ադրբեջանն իր սահմանադրական ակտով իր սեփական սահմանները չի ճանաչել, ինչո՞ւ է Հայաստանը ճանաչում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Իրավական առումով մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ Հայաստանի Հանրապետությունն ինչպե՞ս է ձևավորվել։ ՀՀ-ն ձևավորվել է այն բանի արդյունքում, որ Հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը հռչակել է անկախություն, փոխել է իր անունը և դարձել է Հայաստանի Հանրապետություն։ Մենք շատ հաճախ չենք նկատում, թե մեր ձևակերպումներում ինչ սպառնալիքներ ենք ստեղծում մեր երկրի համար։ Այո, ես ասում եմ՝ ՀՀ–ն ձևավորվել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության հիման վրա։ Եվ չի կարող ՀՀ-ն չունենալ սահմաններ, չի կարող լինել այդպիսի բան։ ՀՀ անկախության հռչակումից հետո այդ թվում ԱՊՀ-ում ընդունվել են փաստաթղթեր, որոնք նույնպես պետք է վերլուծել»։ Նա միաժամանակ ասաց, որ սա պարզ հարց չէ, ունի շերտեր, որոնք պետք է վերլուծվեն ու ուսումնասիրվեն։